Ինչու ռուսական կողմը դեմ քվեարկեց հայ ռազմագերիների հարցի քննարկմանը

Ինչու ռուսական կողմը դեմ քվեարկեց հայ ռազմագերիների հարցի քննարկմանը

Armlur.am-ը գրում է․ Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ երեկ ներառվեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Հարցն ընդունվել է ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Հայ գերիների հարցը քննարկվելու է այսօր:

Հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ՝ Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռժակը, Յուրի Օլենիկովը, Սերգեյ Պախոմովն ու Լեոնիդ Սլուցկին։ Դեմ են քվեարկել նաև մեկական պատգամավորներ Սերբիայից ու Հունգարիայից։ Իսկ Ռուսաստանից 7 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել:

Ռուսաստանի պատվիրակների այսպիսի քվեարկությունը շահարկումների առիթ էր հանդիսացել, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակցի ներկայացուցիչները դեմ են քվեարկում այդպիսի հարցին:

Սակայն նկատենք, որ այդ քվեարկությունը վերաբերում է ոչ միայն այդ հարցին. փաթեթում ներառված է եղել վեց հարց, որից մեկն էլ եղել է գերիների հարցի քննարկումը, սակայն այդ նույն փաթեթում ներառված էր հարց նաեւ Ալեքսեյ Նավալնիի մասով, որն էլ պատճառ է դարձել նման քվեարկության համար:

Բացի Նավալնիի ձերբակալման հարցից, ներառված է եղել նաեւ Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետեր։ Եվ ստացվում է՝ Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող Հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։