«Ինձ համար մութ է էս ամենը` 500 ոչխարներս ողջ-ողջ այրվեցին». մանրամասներ Լիճքի հրդեհից

«Ինձ համար մութ է էս ամենը` 500 ոչխարներս ողջ-ողջ այրվեցին». մանրամասներ Լիճքի հրդեհից

Sputnik Արմենիան գրում է․ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բոլոր տղամարդիկ հավաքված են «Էդոյի գոմերի» մոտ, որտեղ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով այրվել են 6250 հակ խոտ, 500 ոչխար, 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Տեղացիներն ասում են` գյուղում նման «զուլում» չէր եղել` մինչ այս ամենաշատ վնասը գայլերն են հասցրել` 20-30 կենդանի էին հոշոտել ժամանակին։ Իսկ այսօր մի քանի հարյուր կենդանի է այրվել, մի ամբողջ ֆերմա մոխիր է դարձել։

Հրդեհի հետևանքով տուժածներն ընկերներ են` Շիրակ Խալոյանը, որին գյուղում Էդո են ասում, և Արմանը։ Նրանց հաշվարկով` 70 միլիոն դրամի վնաս են կրել։ «4-5 տարի առաջ գյուղատնտեսության նախարարության կողմից հովանավորվեցինք, հավաստագիր տվեցին, որպեսզի ֆերմերային տնտեսություն հիմնենք։

Դասընթացների գնացինք, վարկ վերցրինք, կենդանիներ գնեցինք, և ես ու ընկերս` Արմանը, սկսեցինք աշխատել։ Անասունները չէինք վաճառում, ուզում էինք զարգացնել մեր ֆերման»,–պատմում է Էդոն։

Ասում է` իրենց բախտից արդեն 3-րդ տարին է, ինչ խոտի խնդիր կա` քիչ է, եղածն էլ` թանկ։ Չնայած դժվարություններին, ըստ Էդոյի, իրենք մինչ օրս որևէ կենդանի չեն վաճառել. միայն կաթն են հանձնել ընկերություններին։ Մեծ հույսեր էին կապում ֆերմայի ապագայի հետ մինչև երեկ։

«Գիշերը ժամը 1։05 էր։ Գյուղացիներից մեկը զանգեց ինձ և ասաց, որ կրակ է երևում իմ գոմերի կողմից։ 911 զանգեցի ու բարձրացա էնտեղ։ Տուկերն էին այրվում և մինչև հետ գնացի, որ ջուր բերեմ, արդեն գոմն էր բռնկվել` շատ ուժեղ քամի կար։ Հրշեջներն էլ եկան արագ` 4 մարտական հաշվարկ եկավ և ամեն ինչ անում էին, բայց շատ բան չկարողացանք փրկել»,–ասում է Էդոն։

Նա նշում է, որ նախքան հրշեջների գալն իրենք ոչխարներ են դուրս են բերել գոմից. այսօր հաշվել են` բացի այրված 500 ոչխարից, 200-ին էլ փրկել են։ Նրա խոսքով` հրշեջները մինչև լույս տեղում են եղել, մարել բոլոր ծխացող օջախները։

Իսկ ինչ վերաբերում է հրդեհի պատճառներին, ապա Էդոն դժվարանում է որևէ բան ասել` միայն նշում է, որ տեսախցիկ կա, որը ֆիքսել է ամեն ինչ։ Նրա խոսքով` տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է դեզը միանգամից այրվում, իսկ թե որտեղից է կրակը գնացել–հասել անտեղ, չգիտի։

«Ինձ համար մութ է էս պատմությունը` 500 ոչխարներս ողջ–ողջ այրվեցին։ Միայն կարող եմ ասել, որ թշնամիներ չունեմ ես։ Սակայն այդ հատվածում էլեկտրալարեր էլ չկան, ու հիմա մենակ Աստծուն է հայտնի հրդեհի պատճառը։ Մյուս կողմից, եղանակը շատ վատն էր` կայծակ էլ կար, քամի էր ուժեղ… Չգիտեմ` ինչ ենք անելու էսպես»,–ասում է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում