Ինձ արգելել են հանդիպել կալանավորին․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջու գրում է. «Տևական ժամանակ է՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանն արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի և պատգամավորի համար:

Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրի, որ կալանավորն առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն, և ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե ոչ:

Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետև նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էլ հայտարարել, այլ իր հիվանդության պատճառով, և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Արթուրն արդեն սայլակի վրա է տեղաշարժվում, և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն:

Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...