«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Փաշինյան

«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Այս մասին այսօր լրագրողների հետ զրույում ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը և Ռևազյանի նկատմամբ ամենաստոր քարոզչական արշավի մասին։

«90 և ավելի տոկոսով կազմակերպված է եղել հենց ներսի պաշտոնյաների կողմից, որովհետև այդ փոփոխությունը տեղի էր ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի ավանդական գիլդիայի։

Ամենաստոր բաներն էին գրում ինձ Տաթևիկ Ռևազյանի մասին, որ գնում խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որևէ պաշտոնյայի հետ է հանդիպել։ Մարդիկ ծիծաղում են մեզ վրա։

Սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները տեղի ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Եվ թող ՀՀ քաղաքացիներն իմանան, որ այս ոլորտի բարեփոխումներն իրականացվել են ի հեճուկս այդ համակարգի աշխատակիցների։

Որտեղ կարողացել, խանգարել են, ինչով կարողացել, վարկաբեկել են, որտեղ կարողացել, անիվների մեջ փայտ են մտցրել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ այդ պաշտոնյաներից ոմանց ինքն անձամբ է հեռացրել պաշտոնից ու հրահանգել նրանց այլևս պետական համակարգում աշխատանքի չընդունել։ Մինչդեռ Տաթևիկ Ռևազյանը, նրա խոսքով, իր այդ աշխատակիցներից շատերին ներողամտաբար է վերաբերվում։