Թուրքիայում գանձեր փնտրելու նպատակով հարյուրավոր հայկական հուշարձաններ են ավերել

Կիսվիր ընկերներիդ հետ

Հայկական կրոնական ու մշակութային հուշարձանները Թուրքիայում գանձախույզների թիրախն են դարձել, իրականում նրանք սովորական վանդալներ են։ Գործը հասել է այն բանին, որ հիմա գանձագողությամբ են սկսել զբաղվել նույնիսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք կոչված են պահպանել պատմական հուշարձանների ապահովությունը։

Օրերս «Ermenihaber» պարբերականը հայտնել էր, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փորձագետ Սամվել Կարապետյանը «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում ասաց, որ Թուրքիայում սկսված գանձախուզությունը անդառնալի վնաս է հասցնելու այդ երկրում հայկական ժառանգությանը։

«Այդ երևույթն այնպիսի չափեր է ընդունել, որ ուղղակի պատկերացնելու չի։ Նույնիսկ մահմեդական հուշարձաններն են քանդում։ Այսինքն` տգետ են, չեն հասկանում, որ սա հայկական չէ։ Գանձախուզության ալիքը Թուրքիայում ամեն ինչ է ավիրում։ Այդ ֆոնի վրա պետությունն էլ երևի անհանգստացել է  ինչ–որ տեղ գործի են անցել», – ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով` ամեն դեպքում այս վերջին տարիներին երևում էր, որ գանձախույզները  զգուշավոր էին։ Պատահել է, որ մարդկանց տեսնելով, թաքնվել են։ Հիմա նրանք բացահայտ են գործում։ Թուրքիայում գանձախուզության մասին ամսագրեր են թողարկվում, որտեղ անընդհատ նյութեր են հրապարակվում, որ այսինչը գտավ, այնինչը գտավ։ Արկածները գովազդում են և դա բորբոքում է մյուսներին, որ իրենք էլ փորեն գտնեն, նշեց փորձագետը։

Կարապետյանի խոսքով` դժվար է նույնիսկ մոտավոր ասել, թե 1915 թվականից ի վեր հայկական քանի պատմամշակութային կոթող ու հուշարձան է ավերվել ու ավերվում ներկայիս Թուրքիայի տարածքում։

«Մոտավոր հաշվարկներով, Արևմտյան Հայաստանի տարածքում նախքան Ցեղասպանությունը եղել է շուրջ 175 հազար պատմամշակութային հուշարձան։ Այսօր յուրաքանչյուր շրջանում կիսավեր են դրանցից 3-ից 5 տոկոսը։ Գանձագողությունը Թուրքիայում ամենուր է, որտեղ հայեր են ապրել»,–ասում է նա։

Սամվել Կարապետյանի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս հավուր պատշաճի զբաղվել Թուրքիայում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...