Մամուլ

Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել․ ԱԻՆ-ը մարզպետարաններին հրահանգել է զգոն լինել․ «Հրապարակ»

Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել․ ԱԻՆ-ը մարզպետարաններին հրահանգել է զգոն լինել

Hraparak.am-ը գրում է․ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մեր տեղեկություններով, օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին եւ իր ենթակա կառույցներին՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։

Մարզպետարաններին է ուղարկվել նաեւ գրության բնագիր տարբերակը՝ ռուսերեն, որից պատասխանատուները կարող են իրազեկվել Թուրքիայի մտադրությունների մասին։

Այն մասին, որ իրենց տեռորիստական կազմակերպությունը՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը, մինչեւ ատամները զինված ներկայացուցիչներ ունի Հայաստանում, եւ Հայաստանը պիտի դառնա իսլամական վիլայեթ:

Մեր ձեռքում է հայտնվել այն գրությունը, որն ուղարկվել է մարզպետարաններից մեկին՝ որպես ապացույց այն բանի, որ ԱԻՆ-ը հենց այնպես, անհիմն խուճապ չի տարածում։

Գրությունն առաջին հայացքից տգետ դպրոցականի եւ հոգեկան հիվանդի գրության է նման եւ ունի հետեւյալ բովանդակությունը.

islamakan petutyun

Մեզ ասացին, որ հուլիսի 20-ին Երեւանի մետրոպոլիտենում ռումբի ահազանգի պատմությունն էլ այս գրության շարունակություն են դիտել, եւ մետրոյի՝ մի քանի ժամ փակ լինելը նաեւ սրա հետ էր կապված։

Ընդհանրապես, վերջին շրջանում բավականին հաճախակիացել են ռումբի տեղադրման կեղծ ահազանգերը։ Մի քանի օր առաջ ահազանգ եղավ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի տան հետ կապված, որտեղ իբր ռումբ է տեղադրված։

Բոլոր ահազանգերը, բարեբախտաբար, կեղծ են եղել, բայց ռումբի տեղադրման մասին ահազանգերի հաճախակիացումն ինքնին մտահոգիչ է եւ կարող է քայքայիչ դեր ունենալ ու հասարակության շրջանում խուճապ առաջացնել։

Տպավորություն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախից հետո պատերազմը տեղափոխել է Հայաստանի տարածք, պարզապես մի տարբերությամբ, որ սրանք ոչ թե սովորական ռազմական գործողություններ են, այլ նյարդերի, հիբրիդային պատերազմ, եւ այս ճանապարհով փորձում են Հայաստանում կյանքը  կաթվածահար անել, խուճապ ու անհանգստություն տարածել, որ իրենց բոլոր պահանջները կատարենք։ 

Ի դեպ, կեղծ ահազանգերն ու նման կեղծ սպառնալից նամակները ոչ միայն պետական վախեցած ապարատում են խուճապ առաջացնում, այլեւ հանրային-պետական կյանքն են կաթվածահար անում, առանց այն էլ ծույլ պաշտոնյաներին մղում են ոչինչ չանելու, իսկ բարձր իշխանությունն օգտվում է սրանից  արդարացնում է ցանկացած հակահայկական որոշում եւ թշնամու պահանջների կատարում։

Դիցուք, 3-4 ժամով դադարեցվեց մետրոպոլիտենի աշխատանքը, տեղում աշխատեցին ԱԻՆ բրիգադները, հրշեջներն ու շտապօգնության տասնյակ աշխատակիցներ։ Մարզպետարաններում այս գրությունը ստանալուն պես մի տեղ վախեցան, մյուս տեղում՝ արհամարհեցին, երրորդ տեղում ուղղակի դռները փակեցին՝ տուն գնացին։

Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդում թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցչի հայտնվելը եւ հայերին ուղղված սպառնալից հայտարարությունները, ապա հասկանալի կլինի, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստան պետությունը, որը, կարելի է ասել, ո՛չ նորմալ բանակ ունի, ո՛չ ազգային անվտանգություն ապահովող ԱԱԾ, ո՛չ գրագետ ու պատրաստված ոստիկանություն։ Այս բոլոր կառույցները պետության անվտանգային հարցերի փոխարեն զբաղված են ընդդիմադիրներին հալածելով ու Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելով։ 

Թվում է՝ այս խնդիրները պետք է հուզեին նաեւ ՀՀ իշխանություններին կառավարող ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին, այս հարցը պետք է կարգավորեր ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը, ով օրերս ժամանել էր տարածաշրջան։

Սրանով պետք է հետաքրքրվեր ՌԴ արտաքին հետախուզության տնօրենը, ով եւս անցած շաբաթ Երեւանում էր։ Եվ նման հարցերի կարգավորումը պետք է քննարկվեր հայ-թուրքական հանդիպումների ժամանակ՝ Ռուբինյան-Քըլըչ կամ ԱԳ նախարարների կազմով։

Եվ ճանապարհները բացելուց առաջ գոնե Հայաստանը պետք է պահանջեր թուրքական իշխանություններից՝ գտնել ու կանխել նման դեպքերը։ Բայց դա պահանջատեր իշխանությունը կարող է անել, այլ ոչ թե իր ստվերից վախեցած ու իր աթոռի վրա դողդողացող ՔՊ-ականը։

Կիսվեք էջում