Էջմիածնում երեկ սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր

Էջմիածնում երեկ սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր, իսկ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ՝ 21-ամյա Վաչագան Գրիգորյանը, ով եղել է սպանված Ռ. Սողոյանի կողմից վարած Hyundai Elantra ավտոմեքենանյի մեջ, երբ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել Hyundai-ի ուղղությամբ, որի ժամանակ էլ Hyundai-ը, հավանաբար, փախուստի դիմելու ընթացքում բախվել է պատին։