Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: 

Ըստ նախարարության հիմնավորման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ, ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում՝ հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: 

թուրքիա անկարա

Հարկ է նաեւ ընդգծել, որ մեր տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով հայտնել է թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իր վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Նախարարությունը նշել է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչը, իհարկե, առավել նախընտրելի է:

2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն.ԱՄՆ դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով, վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։

Նշենք, որ ԵԱՏՄ պայմանագրով երկիրը միակողմանիորեն կարող է 3-րդ երկրից ներմուծվող արգելքների վրա սահմանափակում դնել՝ միայն ժամանակավորապես 6 ամսով: Դրանից հետո որոշումը մշտական կայացնելու համար անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնությունը: