Զեյնալյանը հրաժարական չի տվել սեփական նախաձեռնությամբ, նրան հասկացրել են, որ իր հետ չեն ցանկանում աշխատել

Զեյնալյանը հրաժարական չի տվել սեփական նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ դրանք ուշացած հրաժարականներ են, որովհետև այն մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ էին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու նախաձեռնությանը, պետք է հենց այդ օրը հրաժարական տային ու այդ քայլով ցույց տային իրենց անհամաձայնությունը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի հրաժարականներին։

«Բայց մարդիկ մնացին, կուլ տվեցին այդ պրոցեսը, և հետո օրեր անց, չգիտեմ ճնշման արդյունքն է, թե ինչ, բայց հրաժարական տվեցին»,- ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին, Մարուքյանը նշեց, որ արդեն իսկ ակնհայտ էր՝ « Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դժգոհ էին Արտակ Զեյնալյանի աշխատանքից։

«Այստեղ շատ կարևոր է հանգամանք  է, որ քաղաքական գործունեության մեջ չի լինում այպես, որ լինի նախարար, քաղաքական գործիչ, բայց չունենա քաղաքական հենարան։ Երբ պարոն Զեյնալյանը նախարար նշանակվեց, խորհրդարանում ուներ քաղաքական հենարան, իսկ այսօր նա չունի հենարան։

Հետևաբար, անտրաբանական էր մնալ ու շարունակել աշխատել կառավարության այն կազմում, որի հետ, կարծում եմ, որ անհամաձայնություն է ունեցել։ Չեմ կարծում, որ այդ հրաժարականն իր նախաձեռնություն է, այլ իրեն հասկացրել են, որ դու այևս մեզ հետ չես կարող աշխատել»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։