Զարուհի Բաթոյանը քրոջ տեգորը միանգամից 2 առանցքային պաշտոնի է նշանակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խմբագրություն եկավ առաքիչը և մի անանուն նամակ փոխանցեց, որում ասվում է, թե սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը քրոջ տեգորը աշխատանքի է ընդունել հերիք չէ, դեռ մի բան էլ նրան 2 առանցքային պաշտոն է վստահել։

«Պարզվում է՝ հետհեղափոխական կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք շարժվում են հին ու ավանդական մեթոդներով և իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորում են աշխատանքի, այն էլ՝  խախտելով միանգամից մի քանի նորմեր։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր խորհրդական Ստեփան Մաչյանին նշանակել է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հավապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև, ուշադրություն, նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ 

Ասել է թե, նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահել է մի մարդու։ Հիմա երկու խոսք տվյալ անձի ՝ Ստեփան Մաչյանի մասին։ Վերջինս, պարզվում է, որ Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է։ Այ թե բարեկամություն եմ ասել։ 

Նախարարության աշխատակիցներն ամեն րոպե ահուսարսափի մեջ են կրճատման վտանգի պատճառով, իսկ Զարուհին իր բարեկամին միանգամից 2 խոշոր պաշտոն է նվիրում։

Դուրս է գալիս՝ համակարգն էնքան վատ վիճակում է, որ սուպերմեն է հարկավոր՝ հանձին Ստեփանի, ով, իմիջիայլոց, հետևյալ պաշտոնները ստանձնելու համապատասխան աշխատանքային ստաժ չունի։ Համենայնդեպս՝ գլխավոր քարտուղարի համար հաստատ չունի, բայց ոնց որ վարչության պետի էլ չի ձգում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: