Մամուլ

«Երեխաներին հանելուց առաջ թող նկարեին, հասկանայինք՝ ինչ դիրքում են եղել». հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայր

«Երեխաներին հանելուց առաջ թող նկարեին, հասկանայինք՝ ինչ դիրքում են եղել». հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայր

News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։

Զոհված զինծառայողի հայրը News.am-ի հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների՝ ննջասենյակի տարբեր հատվածներում հայտնաբերելու մասին Դատախազության հայտարարությանը, ասաց. «Ինձ համար իրենց խոսքն արժեք չունի: Ես մի քիչ հավատում եմ տեղերում պառկած լինելուն, որովհետեւ եթե իրենք ոտքի վրա լինեին կգտնեին ելք կացարանից դուրս գալու համար»:

Գաբրիել Կիրակոսյանը շեշտեց, որ հավատում է միայն փաստերին. «Եթե երեխաներին իրենք այդտեղից հանում էին, ո՞վ է այդ հրամանը տվել երեխաներին հանելու, թող հանելուց առաջ երեխաներին տեսանկարահանեին, որպեսզի այս հակասական հայտարարությունները չլիներ, հասկանայինք՝ երեխաներն ինչ դիրքում են եղել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կիսվեք էջում