Երբ նայում եմ աշխարհին, տեսնում եմ աստվածաշնչյան ջրհեղեղի նախանշաններ․ ՀՀ նախագահի փառահեղ ելույթը

Երբ նայում եմ աշխարհին, չեմ ուզում ասել, որ նույն աստվածաշնչյան ջրհեղեղի առասպելական ողբերգությունն է վրա հասել, բայց ես տեսնում եմ ջրհեղեղի նախանշաններ շատ տեղերում՝ նաեւ բնության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք վատ ենք վարվում մեր բնության հետ, ինչը հիշեցնում է մեզ, որ արդեն որոշակի ջրհեղեղ է վրա հասնում:  Եթե նայենք աշխարհաքաղաքական իրավիճակին, աշխարհով մեկ անորոշություն  է տիրում: Աշխարհը նաեւ հեղեղված է նոր գաղափարներով, կամ հին գաղափարներով, որոնք նորից են երեւան եկել, գաղափարներ, որոնք հին գաղափարներից են ձեւակերպվել:

Պոպուլիզմը, կեղծ լուրերը մեծ տարածում են գտել, նաեւ տարածված է թյուրըմբռնումը: Մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում վստահությունը երկխոսության նկատմամբ:

Սա Նոյի տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ 200-300 հոգի հավաքվում են ու սկսում են քննարկել, թե ինչպես կարելի է փրկել աշխարհը: Շատ ուրախ եմ, որ այս փոքր տապանը հանգրվանել է հենց Հայաստանում:

Շատ կարեւոր է, որ մենք Հայաստանում սկսենք լսել աշխարհի ասածը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այսօրվա աշխարհում, ինչ անել այդ կապակցությամբ, ինչպես անել այն, ինչը պետք է անել: Սրանք գլոբալ հարցեր են, սակայն վերաբերում են նաեւ Հայաստանին: Ո՞ւր ենք մենք գնում որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ազգ, ի՞նչ անել, ինչպես դա անել:

Մեզ համար շատ կարեւոր է սեփական ուղին հարթել, սեփական պլանը մշակել: Սա Հայաստանի համար կարեւոր է նաեւ նրա համար, որովհետեւ բանականության գագաթնաժողովի շնորհիվ աշխարհը մեր մասին ավելի շատ կիմանա, մենք էլ ավելի շատ բան կիմանանք աշխարհի մասին» ,- ասեց նախագահը։