Երբ մեզ հանում էին շրջափակումից, հանկարծ զգացինք, թե մենք որքան կարեւոր ենք բոլորի համար (Տեսանյութ)

Երբ մեզ հանում էին շրջափակումից, հանկարծ զգացինք, թե մենք որքան կարեւոր ենք բոլորի համար (Տեսանյութ)

Շրջափակման մեջ գտնվելու 70 օրերին մեր մեջ շատ բան է փոխվել, մենք շատ մտածեցինք այն արժեքների մասին, որոնք առաջ սովորական էին թվում, սկսեցինք գնահատել մանրուքները, որ անգամ տանը, հարազատների կողքին լինելն արդեն մեծ երջանկություն է։

Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասում է հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ եղած 6 ժամկետային զինծառայողներից Դավիթ Սահակյանը։

«Սնվում էինք այն բաներով, ինչ գյուղերի տներում գտնում էինք․ լեչո, հյութեր, մուրաբա, պահածո գտնելը տոն էր։ Երբ Արմանը զանգահարեց եղբորը, լաց եղավ, բոլորս էլ արտասվեցինք։

Երբ մեզ հանում էին շրջափակումից, հանկարծ հասկացանք, թե մենք՝ վեցով, որքան կարեւոր ենք բոլորի համար։ Հաճախ էինք ընկճվում, բայց Արմանը միշտ հուսադրում էր։

Շրջափակման մեջ գտնվելու 70 օրերին մեր մեջ շատ բան է փոխվել, մենք շատ մտածեցինք այն արժեքների մասին, որոնք առաջ սովորական էին թվում, սկսեցինք գնահատել մանրուքները, որ անգամ տանը, հարազատների կողքին լինելն արդեն մեծ երջանկություն է»,- նշում է Արցախի ՊԲ շարքային Դավիթ Սահակյանը։

Ընդամենը մեկամսյա զինծառայության մեջ գտնվող ժամկետայինները, հայտնվելով շրջափակման մեջ, բաժանվել են խմբերի, փորձել գոյատեւման պայքար սկսել ոչ մեծ խմբերով՝ թշնամու կողմից չնկատվելու համար։ Իրենց խմբով գյուղերում երկար չեն մնացել, քանի որ անապահով էր, լքված տներից ուտելիք ու խմիչք հայթայթելուց հետո թաքնվել են անտառներում, եւ այդպես՝ 70 օր։

Արթուր Հարությունյանն ավելացրել է, որ Արմանի շնորհիվ են հուսադրվել, որ կկարողանան հասնել յուրայիններին։ «Հոգու խորքում միշտ էլ հավատում էինք, որ փրկվելու ենք։ Բոլորիս ոտքերը ցրտահարվել էին, արդեն դժվարությամբ էինք քայլում։ Ամենադժվարն այն էր, որ զգում էիր, որ քո պատճառով հարազատներդ լաց են լինում, անհանգստանում են քեզ համար, որ շատերն են քեզ համար անհանգիստ, եւ հանուն նրանց բոլորի էինք պայքարում փրկվելու համար։

Մտածում էինք, որ ավելի լավ է մեռնենք, քան ընկնենք թուրքի ձեռքը։ Արմանն էր առաջնորդը, նա տարիքով էր մեզնից, մեր հավատը նրանից էր գալիս»,- պատմում է Արթուրը:

Տեսանյութը ստորև