Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի մասին, ազդարարել ուսուցչի կամավոր ատեստավորման 2022 թվականի հայտերի ընդունման մեկնարկը, անդրադարձել կրթության իրավական նոր կարգավորումներին, 2021-22 ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներին:

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը.

Այն կիրականացվի երեք փուլով: Հունիսի 21-ից կբացվի առաջին դասարանների հայտարարագրման կայքը:

«Ծնողներն այս ընթացքում կարող են ստուգել իրենց երեխաների տվյալները, և պիտի խնդրեմ, որ լինեն հետևողական, որովհետև լինում է  այնպես, որ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում, պահանջվում է որոշակի ժամանակահատված քաղաքացիական կացության ակտերի գրասենյակների կողմից թվայնացման համար:

Դա իրականացվում է 3 օրվա ընթացքում: Ստուգումը կարելի է անել stugum.emis.am կայքի միջոցով: Հայտարարագրումը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար:

Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում»,- մանրամասնել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար:

Հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը:

Սա տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:

«Հայտագրման համակարգը չի փակվելու, այն գործում է ողջ ուսումնական տարվա ընթացքում, և մեր երեխաները ամբողջ ուսումնական տարին կարող են ընդգրկվել դպրոցում, ինչպես պահանջում է երեխայի լավագույն շահը»,- հավելել է նա: