Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է aravot.am կայքում հրապարակված «Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում».

22-ամյա կալանավորը պատրաստ է հացադուլ հայտարարել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Արմավիրի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Գոռ Սուրիկի Գորոյանը 04.02.2013թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատում և, որպես ԲՈւՀ-ի ուսանող, նրան տրվել է տարկետման իրավունք մինչև 28.06.2018թ.:

Սակայն, 23.09.2017թ. հեռացվելով ԲՈւՀ-ից, կորցրել է տարկետման իրավունքը և ենթակա է եղել ներկայանալու զինկոմիսարիատ 2017թ. ձմեռային զորակոչին:

Ներկայանալով զինկոմիսարիատ՝ զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն, խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, սահմանված ժամկետում չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2017թ. ձմեռային զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Դեպքի առթիվ 12.03.2018թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել նախաքննություն:

13.04.2018թ. որոշում է կայացվել` Գ.Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին  և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

13.04.2018թ. Գ.Գորոյանը ներկայացվել է ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատ՝ առաջնահերթության կարգով վերջինիս պիտանիության և զորակոչման հարցերը լուծելու համար:

20.07.2018թ. Արմավիրի մարզի զինկոմիսարիատից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին ստացված գրության համաձայն` Գ.Գորոյանի հետ կապ հաստատել  չի լինում, որպեսզի վերջինս ուղարկվի համապատասխան բուժհետազոտությունների:

24.09.2018թ. Գ.Գորոյանը ներկայացել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին, լրացուցիչ ցուցմունք տվել այն մասին, որ չի խուսափում ՀՀ ԶՈւ զորակոչվելուց, պարզապես անձնական խնդիրներից ելնելով՝ չի կարողացել մինչև 2018թ. ամառային զորակոչի ավարտը ներկայանալ Արմավիրի մարզի զինկոմիսարիատ: Ներկայումս պարտաճանաչ ներկայանալու է Արմավիրի մարզի զինկոմիսարիատ և համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո զորակոչվելու է ՀՀ ԶՈւ:

Նույն օրը, Գ.Գորոյանը ներկայացվել է ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի զինկոմիսարիատ՝ առաջնահերթության կարգով վերջինիս պիտանիության և զորակոչման հարցերը լուծելու համար:

15.01.2019թ. Արմավիրի մարզի զինկոմիսարիատից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին ստացված գրության համաձայն` Գ.Գորոյանն անցել է բուժզննում, զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի՝ զինվորական ծառայության համար և 10.01.2019թ. ՀՀ ԶՈւ զորակոչվելու համար ստացել ծանուցագիր, սակայն նշված օրը չի ներկայացել՝ խուսափել է:

29.01.2019թ. Արմավիրի մարզի զինկոմիսարիատից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին կրկին ստացվել է գրություն այն մասին, որ Գ.Գորոյանը մինչև օրս չի ներկայացել Արմավիրի մարզի զինկոմիսարիատ՝ ՀՀ ԶՈւ զորակոչվելու համար:

Պատշաճ ծանուցումներ են ուղարկվել մեղադրյալ Գ.Գորոյանին՝ 07.02.2019թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին հարցաքննության ներկայանալու համար, սակայն վերջինս առանց հարգելի պատճառների նշված օրը և ժամին չի ներկայացել:

08.02.2019թ. որոշումներ են կայացվել՝ մեղադրյալ Գ.Գորոյանին բերման ենթարկելու մասին, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի, Նոր Նորքի և Վաղարշապատի բաժիններին:

25.02.2019թ., 26.02.2019թ. և 27.02.2019թ. ՀՀ ոստիկանության Մաշտոցի, Նոր Նորքի և Վաղարշապատի բաժիններից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին ստացված նույնաբովանդակ գրությունների համաձայն՝ մեղադրյալ Գ.Գորոյանին հնարավոր չէ բերման ենթարկել, քանի որ վերջինս բացակայում է բնակության վայրից:

26.03.2019թ. որոշում է կայացվել՝ Գ.Գորոյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նույն օրը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որոշում է կայացվել Գ.Գորոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն՝ չհեռանալու մասին, փոփոխելու վերաբերյալ և միջնորդություն հարուցվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը 27.03.2019թ. բավարարվել է:

27.03.2019թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին:

22.04.2019թ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին է ստացվել գրություն այն մասին, որ մեղադրյալ Գ.Գորոյանը 20.04.2019թ. հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ՁՊՎ:

22.04.2019թ. որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին, և միջնորդություն է հարուցվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Գ.Գորոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, որը նույն օրը դատարանի կողմից բավարարվել է, և Գ.Գորոյանը տեղափոխվե է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Գ.Գորոյանի մոտ առկա հիվանդությունները ախտորոշելու համար նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Գ.Գորոյանը պիտանի է զինվորական ծառայության համար:

15.05.2019թ. քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված  տեղեկատվություն հրապարակելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: