Մամուլ

Ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք զարմացանք. «Հրապարակ»

Վարչապետի կինը Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին, ընթրիք էր կազմակերպել «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժեր 1 միլիոն դրամ: Ընթրիքը տեղի է ունեցել «Լիվինգսթոն» ռեստորանում։ Լրագրողները ռեստորանի մուտքի մոտ նկատել էին, որ միջոցառմանը հրավիրված  է եղել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։

«Հրապարակը» մի քանի հարց ուղղեց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին։

– Ձեզ քննադատում են Աննա Հակոբյանի՝ 1 միլիոն դրամանոց խնջույքին երաժշտական ծառայություններ մատուցելու համար։

– Ես ոչինչ էլ չեմ ապահովել, ուղղակի ես այնտեղ աշխատում եմ, Աննա Հակոբյանն այդ օրը ուղղակի եկել էր մեզ մոտ, ուրիշ ոչ մի բան: Մենք այդտեղ աշխատում ենք ամեն օր: Նույնիսկ ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք զարմացանք, թե ինչու են այսքան լրագրողներ եկել։

– Հանրությունը չի ընկալում՝ ինչպե՞ս կարող է արվեստագետը Աննա Հակոբյանի համար ծառայություններ մատուցել։

– Բայց ինչի՞ համար, դա մեր աշխատանքն է, մենք հրավերով չէինք էլ գնացել, եթե հրավերով էլ լիներ, եթե նորմալ վճարեին, կարող է և գնայինք: Մենք դրանով ենք ապրում, մեզ համար ի՞նչ նշանակություն ունի ով ինչ է… 

– Արվեստագետներին հաճախ մարդիկ անտարբերության մեջ են մեղադրում։

– Ես ճիշտն ասած քաղաքականության մեջ երբեք չեմ խորացել, բայց դե որպես քաղաքացի ես ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ։

– Այս իշխանությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։

– Ես ոչ մի բան չեմ ասի։

 – Ցավո՞ւմ եք Արցախի կորստի համար։

– Շատ եմ ցավում, ափսոսում եմ նաև շատ:

Կիսվեք էջում