Եղեգնաձորում հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է

Եղեգնաձորում հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:

Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի տեսուչներ Հայկ Մարտիրոսյանն ու Իսրայել Մարտիրոսյանը դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 092 QO 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի և հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Վիրաբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր: