Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը․ Էմմա Պալյանը՝ եղբոր գրառման մասին
ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով եղբոր՝ Հայկո Պալյանի արված մեկնաբանությանը։
«Որոշ լրատվականներ եւ անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը մեկնաբանություն էր թողել, որով օգտատերերից մեկին հարցրել էր «ղարաբաղցի ես, թե հայ?»։
