Եկել են, հայտնել, որ հարսանիք է՝ ասել ենք՝ չի թույլատրվում․ քաղաքապետը՝ Հրազդանում կայացած մեծ հարսանիքի մասին

Եկել են, հայտնել, որ հարսանիք է՝ ասել ենք՝ չի թույլատրվում․ քաղաքապետը՝ Հրազդանում կայացած մեծ հարսանիքի մասին

News.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի հարսանիքի խնջույքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի հարսանյաց սրահներից մեկում։ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը NEWS.am-ին հայտնեց, որ սրահի տնօրենը նախօրեին իրենց ասել է հարսանիքի մասին, ինչից հետո նրան թե բանավոր, թե գրավոր հայտնել են, որ հարսանիք անցկացնել արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում։

«Եկել են, մեզ ասել են, որ հարսանիք է, ասել ենք՝ չի թույլատրվում, որ լինի։ Մենք գրություն ենք ուղարկել սեփականատիրոջը, օրենքի շրջանակում իրազեկել ենք, տեղյակ ենք պահել, որ չի թույլատրվում, օրենքի սահմանում ամեն ինչ արել ենք, ոստիկանությանը նույնպես տեղյակ ենք պահել »,- նշեց նա։

Ոստիկանությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց, հորդորեցին դիմել պարետատուն, որտեղից, սակայն, մեր զանգերին չպատասխանեցին։

Քաղաքապետի մամուլի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հյուրերից մեկի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել, նա ազգակցական կապ ունի փեսայի հետ։ Նրա տեղեկություններով՝ հարսանիքի մասնակիցներից ուրիշ ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։