Եթե շարունակվի անխոհեմ քաղաքականությունը՝ պատերազմի արհավիրքը կարող է չոքել մեր դռանը. Արթուր Բաղդասարյան

Արթուր Բաղդասարյանն այսօր թալինցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՕԵԿ-ի շնորհիվ Հայաստանում 212.000 մարդ ստացել է իր ավանդները. «Մեր շնորհիվ այսօր ծնվող երեխան պետությունից ստանում է գումար: ՕԵԿ-ի ջանքերով 250 օրենքներ են ընդունվել, որոնք պաշտպանել են թոշակառուների, փախստականների շահերը: Մենք այսօր  ներկայացնում ենք Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիր:  Աջակցելով տեղի ունեցած հեղափոխությանը՝  հանդես ենք գալիս մարդկանց կյանքում հեղափոխություն անելու օգտին: Մարդիկ ուզում են լավ ապրել, աշխատանքով ընտանիք պահելու հնարավորություն ունենալ:

Համոզված ենք՝ երկիրը կարելի է զարգացնել կրթված, փորձառու մարդկանց միջոցով: Քաղաքական գործունեության մեջ ունեցել եմ իմ սխալները, ձեռքբերումները, թերությունները: Սխալների համար ներողություն խնդրելն ամոթ չէ, ամոթ է, որ չկարողանանք երկիրն այս դժվարին իրավիճակից դուրս բերել: Ինձ ու իմ քաղաքական թիմին ոչ ոք չի կարող մեղադրել թալանի, գողության, արյան համար»:

Բաղդասարյանը շեշտել է, որ ՕԵԿ-ը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման օգտին:

«Այսօր ընտրապայքարում գտնող մի քանի կուսակցություններ ասում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Մենք այդ մոտեցումը չենք կիսում: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը: Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան, մեր ժողովրդի գլխին լուրջ անվտանգության խնդիրներ են գալու: Այսօր ՌԴ-ն պարտավորվում է ՀՀ Զինված ուժերի հետ միասին պահպանել ՀՀ անվտանգությունը:

Կարծում ենք՝ փոքր երկիր լինելով՝ պետք է մեծ խելք ունենանք ու ճկուն դիվանագիտություն: Եթե շարունակվի անխոհեմ քաղաքականությունը՝ պատերազմի արհավիրքը կարող է չոքել մեր դռանը: Պետք է կարողանանք  մտածված, փաստարկված քայլերով ՀՀ-ն տանել զարգացման ճանապարհով: Հայաստանը, ցավոք, դուրս է մնում տարածաշրջանային բոլոր ծրագրերից: Կառուցվում են նավթամուղներ, գազամուղներ, երկաթգծեր, մեր երկիրը չկա: Դա ոչ միայն նախկինների ապաշնորհ կառավարման հետևանքն է, այլև արձանագրում ենք՝ այս 8 ամիսների իշխանությանը՝  նույնպես»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Աղբյուր` Փաստինֆո