«Եթե Արտյոմը չլիներ, ոչինչ չէի հասցնի»․ Յուլյա Ֆինկը՝ 9 տարվա համատեղ կյանքից հետո զույգ որդի ունենալու երջանկության մասին․ Ֆոտո

«Եթե Արտյոմը չլիներ, ոչինչ չէի հասցնի»։ Դերասանուհի Յուլյա Ֆինկն ու հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը 9 տարվա համատեղ կյանքից հետո տարեվերջին զույգ որդիներ ունեցան: Փոքրիկների ծնունդը նրանց կյանքում շատ սպասված էր: Ամուսինների կյանքում եղած փոփոխությունը ոչ միայն անսահման երջանկություն, այլև հաճելի խառնաշփոթ բերեց: Յուլյան խոստովանում է, որ երբեմն մայրական խուճապի մեջ է ընկնում, սակայն նույնիսկ դա է հաճելի:

Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նոր կարգավիճակի, որդիների, նրանց ծննդից հետո ամուսնու հետ հարաբերությունների և աշխատանքի վերադառնալու մասին:

Յուլյան սկսել է նկարահանվել «Շանթ» հետռուստաընկերության նոր նախագծերից մեկում: Ասում է՝ աշխատանքի վերադառնալու որոշումն ամուսնու հետ են կայացրել: «Ես ու Արտյոմը հասկացանք, որ ես անպայման պետք է դուրս գամ տանից, աշխատեմ: Այդպես ինչ-որ առումով նաև ցրվում ես, քանի որ երեխաների խնամքը բավականին բարդ է: Մի երեխայի հետ կարող ես օրվա ընթացքում, օրինակ, խանութ կամ զբոսանքի գնալ գնալ, երկուսի հետ՝ ոչ: Այս առումով աշխատանքային զբաղվածություն ունենալը կարևոր էր»,- ասաց նա ու հավելեց, որ իր բացակայության ժամանակ փոքրիկների խնմաքով զբաղվում են մայրիկը կամ քույրիկը:

Պարզվում է՝ Արտյոմը ևս հասցրել է հմտանալ և բավականին լավ է զբաղվում փոքրիկների խնամքով: «Արտյոմն ինձ օգնում է ամեն ինչով: Եթե նա չօգներ, ոչինչ չէի հասցնի: Միայն ճաշիկ չի սարքում երեխաների համար: Նա և՛ քնեցնում է երեխաներին, և՛ ուտացնում, և՛ տանում զբոսանքի»,- ասաց Յուլյան ու հավելեց, որ, երբեմն, ինքն ու ամուսինն առանձին-առանձին են  երեխաներին տանում զբոսանքի:

Այս շրջանը հուզմունքային առումով բավականին բուռն էր նորաթուխ մայրիկի համար․ ասում է՝ երեխաների ծննդից հետո էմոցիաներն այլ էին, չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Յուլյան ու Արտյոմը բավականին երկար են սպասել ընտանիքի համալրմանը: Դերասանուհին հպարտությամբ նշում է, որ ի տարբերություն շատ զույգերի, դա խնդիր չի ստեղծել իրենց հարաբերություններում, սակայն հիմա կյանքն ավելի լիարժեք է դարձել:

Յուլյա Ֆինկ

«Երջանկությունը հարաբերական է, չես կարող միշտ երջանիկ լինել, սակայն ես, իհարկե, երջանիկ եմ: Սրանից ավելի գեղեցիկ, համով, հետաքրքիր աշխարհում ոչինչ չկա: Սա այն էր, ինչին ես ու Արտյոմը երկար էինք սպասել: Զգացողություններս գույների պես են, ամեն օր մի նոր գույն եմ բացահայտում, որովհետև ամեն օր նոր մի բան են անում: Երբ քնում են, նույնիսկ կարոտում եմ: Իրենց հետ շատ հետաքրքիր: Երեխաների հետ մեր կյանքը լիարժեք է դարձել, չնայած բարդացել է: Սկզբում մտածում էինք՝ ինչպես կազամակերպել օրը, վեճեր էին լինում: Հիմա արդեն սովորել ենք, օրինակ, տանից դուրս գալուց առաջ ով ինչ պետք է վերցնի, որպեսզի արագ կազմակերպենք ամեն բան և ավելի համախմբված ենք»,- պատմեց նորաթուխ մայրիկը:

Յուլյան նկատեց, որ մինչև երեխաների ծնունդը կարծում էր, թե ամեն ինչ հասցնելու է, քանի որ իր մոտ միշտ ամեն ինչ դասակարգված է եղել, սակայն հասկացավ, որ ոչինչ չի հասցնում: Այնուամենայնիվ, նա չի հանձնվում: «Շատ դժվար է: Ինձ ասում էին՝ առաջին ամիսն ամենադժվարն է, բայց ինձ թվում է՝ առաջին ամիսն ավելի հեշտ էր, քան հիմա: Երեկոյան երեխաներին քնեցնում եմ, մտածում եմ՝ կարող ենք ֆիլմ դիտել, բայց ես էլ եմ  պառկում ու միանգամից քնում,- ասաց նա ու հավելեց, որ իր զբաղվածության պատճառով ամուսինն ուշադրության պակաս չի զգում և չի գանգատվում,- Մեր օրն այնքան հագեցած է: Եթե Արտյոմն աշխատանքի չէ, միասին ենք անում ամեն ինչ: Այդ իսկ պատճառով խնդիր չի առաջանում: Ըստ էության՝ մեր առօրյան ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է, բայց երեխաների հետ»:

Յուլյա Ֆինկ

Յուլյան նշեց, որ ամուսնու հետ նախկինի պես հաճախում են տարբեր վայրեր, միակ բանը, որին չկարողացան տրամադրվել՝ ծովային հանգստի մեկնելն է․ «Ես կարծում էի, որ կմեկնենք հանգստի և որևէ հարց չի առաջանա, սակայն հասկացա, որ երկու մանկահասակ երեխայի հետ հանգիստ կազմակերպելն իրատեսական չէ և հրաժարվեցի այդ մտքից»:

Ամուսինները դեռ չեն դիմել դայակի օգնության, չնայած Յուլյան մտածում է այդ մասին․ «Ես նախընտրում եմ ունենալ դայակ, որն ինձ հետ կլինի օրվա ընթացքում և կօգնի խնամել երեխաներին, քանի որ երբեմն միաժամանակ սկսում եմ լացել, սովածանալ, իսկ ես մենակ եմ»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։