Գ․ Գրիգորյանը խոստովանել է, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է Ռ․ Քոչարյանից․«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը:

Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ:

Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ:

Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները:

Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: