«Գազպրոմ Արմենիա»-ն կարևոր հայտարարուն է արել․ խնդրում ենք աչքաթող չանել

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում է․

«Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ և Շախտի քաղաքներում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 

Կենցաղում բնական գազի օգտագործման հետ կապված միջադեպերի կանխարգելման նպատակով Հայաստանում բնական գազ սպառող բոլոր բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված են գազասպառման անվտանգության ազդանշանային համակարգեր (անվտանգության համակարգեր), որոնք ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով փակում են բնական գազի հոսքը բնակարան՝ հրդեհների, բնական գազի արտահոսքի և ծխագազերի վտանգավոր քանակի կուտակման դեպքերում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին անգամ զգուշացնում և հորդորում է բնական գազ սպառող բոլոր բաժանորդներն չանջատել անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից՝ պատահարներից զերծ մնալու նպատակով:

«Գազպրոմ Արմենիա»-ն ընդգծում է, որ անվտանգության համակարգերը կարևորագույն նշանակություն, կանխարգելիչ դերակատարություն ունեն հատկապես բազմաբնակարան շենքերի համար, քանի որ՝ անջատելով համակարգը էլեկտրական սնուցումից ձեր բնակարանում, դուք վտանգում եք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարևանների կյանքն, առողջությունը և գույքը:

«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք  պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված անսարքությունների առաջացման դեպքում անմիջապես դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն՝ 1–04 հեռախոսահամարով»,-հայտնում են ընկերությունից։