Բնակարանային գողը տուժածի տանը ձվածեղ էր արել ու կոնյակ խմել. այդ պահին վրա էին հասել ոստիկանները

Բնակարանային գողը տուժածի տանը ձվածեղ էր արել ու կոնյակ խմել. այդ պահին վրա էին հասել ոստիկանները

Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները փետրվարի 13-ին տաք հետքերով Մասիս քաղաքում հանցանքի վայրում բռնել և վնասազերծել են բնակարանային գողին: Իսկ արդեն փետրվարի 15-ին Վանաձոր քաղաքի բնակիչ,  38-ամյա Արարատ Մկրտչյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան տեղափոխել  են «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկ:

Մասիսի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի կասկածելի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի  շենքերի մոտ շրջում էր ու անընդհատ շենքի պատուհաններն էր տնտղում: Կարճ ժամանակ անց, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ա. Ոսկանյանի  գլխավորությամբ, քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաները  որոշել են երկաթը տաք-տաք ծեծել ու հասնելով նշված թաղամասի, 9-րդ շենք 38-րդ բնակարանում վնասազերծել են գողին:

Տունն ամբողջովին տակնուվրա արած է լինում, իսկ գողը նշված տուն էր մտել՝ հարմարեցված բանալիով բացելով տան դուռը:  Տանտերերը այդ պահին տանը չեն եղել, իսկ կասկածյալը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանն է, մի քանի ժամ դարանակալել էր և, երբ համոզվել է, որ տան տերերը դուրս են եկել տանից ու մեկնել աշխատանքի վայր, մտել էր տուն և ողջ տունը տակնուվրա արել, սակայն չէր հասցրել ավարով դուրս գալ:

Աղբյուրի տեղեկություններով, կասկածյալ Ա. Մկրտչյանը ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել էր Մասիսի քննչական բաժին:

Կայքի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Ամեն օր գնում եմ աշխատանքի: Էսօր գործիս տեղն էի, երբ ոստիկանության աշխատողը եկավ, թե բա՝ միասին պետք է գնանք ոստիկանություն: Զարմացա, ոչ մի հակաօրինական բաներ չեմ անում, խի՞:

Ու ահը սրտիս եկա Մասիսի ոստիկանություն, որտեղ էլ իմացա, որ մեր տուն գող ա մտել ու գողին միլիցեքը տան մեջ բռնել են: Հետո արդեն էկա տուն, մնացի կարկամած: Ողջ տունը տակնուվրա էր արված: Էդ սրտամեռ գողը տունը թալանելու ժամանակ էլ ձվածեղ է արել, նստել, կերել, կոնյակը խմել: Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում ոստիկաններին ու քննիչներին»: