«Բա ամոթ չի՞, բա մարդ ծիծաղի պես հրաշք երևույթը էդպես կապականի՞»․ Թամար Հովհաննիսյան

Բա ամոթ չի՞, բա մարդ ծիծաղի պես հրաշք երևույթը էդպես կապականի՞… Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Երեկ երեկոյան, շատ պատահական Շանթ հեռուստաալիքով տեսա մի բան, որն ինձ պարզապես սպանեց։ Դա, կարծես, հումորային հաղորդում էր, երիտասարդ կանայք էին, միայն Հրանտ Թոխատյանի կնոջը ճանաչեցի, մյուսներն անծանոթ էին։

Այն՝ ինչ անում էին այդ երիտասարդ կանայք կոչված էր մարդկանց մեջ ծիծաղ հարուցելու։ Եվ պատկերացրեք, մարդիկ, հատկապես կանայք, ծիծաղում էին։ Ինձ համար սարսափելին ոչ թե նրանք էին, ովքեր զբաղված էին այդ «գործով», այլ նրանք, ովքեր հաճույքով նայում էին դա ու լսում ու մանավանդ ծիծաղում։
Գիշերը երազ տեսա, Մհերին։

Չեմ ստի, երազը չեմ հիշում։ Սովորաբար հիշում եմ, բայց այս անգամ բուն երազը չհիշեցի։ Զգացողությունն էր ինձ հետ, երբ արթնացա։ Իսկ ավելի ուշ, ակամայից հիշեցի, թե ոնց էր զարմանում ու ապշած խոսում, թե ծիծաղն ինչ բան է, թե ոնց կարելի է ծիծաղով մարդուն ճանաչել, ինքն էլ մեկնաբանում էր ու ձևերն անում, թե այս կամ այն մարդը ոնց կծիծաղի ու ինչեր կարելի կլինի կռահել ծիծաղից։

Ասում էր, ձևերն անում ու ինքն էլ ծիծաղում իր ասածների վրա։ ՈՒ արցունքոտվում էին աչքերը։ Սրբում էր ու ասում՝ բա էս արցունքը այ մարդ, էս ինչ հանճարեղ բան ա, ոնց ա գալիս, տխրելիս էլ, ուրախանալիս էլ։

ՈՒզում էի ասել՝ բա ամոթ չի՞, բա մարդ ծիծաղի պես հրաշք երևույթը էդպես կապականի՞»։