Բաց տեսարաններից խուսափելն այլևս գրագետ չէ. Էվա Խաչատրյանը՝ 18+ սարսափ սերիալում իր կերպարի մասին

Բաց տեսարաններից խուսափելն այլևս գրագետ չէ. Էվա Խաչատրյանը՝ 18+ սարսափ սերիալում իր կերպարի մասին։ «Մահվան ջոկատ» սարսափ ժանրի 25 մասանոց հեռուստասերիալում 7 հոգուց բաղկացած ջոկատում միակ կին ներկայացուցիչ Էվա Խաչատրյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց իր կերպարի, բաց տեսարանների, նկարահանման դժվարությունների ու ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին:

«Մահվան ջոկատ» սարսափ ժանրի 25 մասանոց հեռուստասերիալում 7 հոգուց բաղկացած ջոկատում միակ կին ներկայացուցիչ Էվա Խաչատրյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց իր կերպարի, բաց տեսարանների, նկարահանման դժվարությունների ու ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին:

Էվան նշեց, որ սերիալում մարմնավորում է Անուշին, որը ջոկատում ընդգրկված է ամուսնու՝ Խորենի հետ: Վերջինիս էլ մարմնավորում է Սարգիս Մանուկյանը:

«Անուշը շատ անվախ է, միաժամանակ, շատ հզոր կանացիություն ունի։ Նա ունի մայրանալու այն մաքրամաքուր մղումը, որն ունենում են բոլոր կանայք, որոնք չեն շեղվել բնության իրական գծից և չեն փորձում ողջ կյանքում միայնակ ապրել։ Իմ և Անուշի միջև ընդհանրությունը, երևի թե, կամքի ուժն է, իսկ մնացածը՝ թե՛ իրավիճակներն ու, հոգեվիճակը, թե՛ հագուստն ու զենք բռնելն ինձ հետ կապ չունեն, բայց, որպես դերասանուհի, փորձել եմ առաջադրվող պայմաններում լինել մաքսիմալ իրական»,- ասաց նա:

Էվա Խաչատրյան

Դերասանուհին նկատեց, որ սա սարսափ ժանրի ֆիլմում նկարահանվելու իր առաջին փորձն է, մեծ հաշվով, այն առաջինն է նաև հայկական հեռուստաարտադրության ոլորտում.

««Փրկեք մեր հոգիները» նախագծում էլ կային սարսափ տարրեր, բայց այլ ձևով։ Այս մեկը կոնկրետ սարսափ ժանր է և առաջինն է իր տեսակով: Առաջին անգամ է, որ Հայաստանում փորձ է արվում նման բան նկարելու, ես շատ ուրախ եմ, որ դրա մասնակիցն եմ: Շատ տպավորված եմ աշխատանքից, իհարկե, ամբողջ ընթացքը շատ ծանր և աշխատատար է եղել, բարդություններով լի. տարածքներ կային, որոնք ֆանտաստիկ էին նկարահանման համար, բայց շատ փոքր էին ու բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով՝ փորձել ենք պատվով դուրս գալ»:

սարսափ սերիալ

Էվայի խոսքով` ամեն դետալի վրա ստեղծագործական ու տեխնիկական թիմը մանրակրկիտ աշխատել է, այդ թվում նաև դերասանների գրիմի, ինչը սարսափ ժանրի կարևոր  բաղադրիչներից է:

«ԱՄՆ-ից բերվել են հատուկ նյութեր, որոնցով աշխատում են ժամանակակից կինոարտադրության մեջ: Որքանո՞վ են փոխակերպվում կերպարները, չեմ ցանկանա փակագծերը բացել, որովհետև դա ֆիլմի առանցքային մասերից մեկն է, բայց հանդիսատեսը, վստահաբար, շատ փոփոխություններ կտեսնի, ակտիվ զարգացումներ, էքշըն ու շատ տարբեր զգացողություններ կծնվեն նրա մոտ»,-ասաց դերասանուհին:

18+ ֆիլմ

Նա նշեց, որ սերիալում իր ամուսնուն մարմնավորող դերասան Սարգիս Մանուկյանի հետ ավելի վաղ համատեղ աշխատանքի փորձ ունեցել է, իսկ նախագծի ռեժիսոր Հարութ Շատյանի և պրոդյուսեր Արա Բաղդասարյանի հետ արդեն համագործակցել է առանձին նախագծերի շրջանակում:

«Բոլոր դերասաններին ճանաչում էի, սակայն մեծ մասի հետ միասին խաղալու փորձ մինչև այս չէինք ունեցել: Չնայած դրան, մեր աշխատանքը շատ հեշտ և հանգիստ ստացվեց։ Նկարահանման հրապարակում միշտ շատ լավ մթնոլորտ է տիրել, բոլորս հաճույքով ենք աշխատել, իհարկե, երբեմն տրտնջացել ենք, մրսել, հոգնել, բայց ամեն բան արվել է մեծագույն սիրով: Ուրախ եմ, որ կարողացանք ընտանիքի պես աշխատել, միշտ չէ, որ այդպես ստացվում է»,-նկատեց Էվան:

Մահվան ջոկատ

Անդրադառնալով սերիալում իր մասնակցությամբ առկա բաց տեսարաններին՝ դերասանուհին նկատեց, որ սիրային հարաբերությունները հեռուստադիտողին իրական մատուցելու հարցում դա կարևոր պայման է:

«Կարծում եմ` մատուցման ձևն ու ասելիքն այլ է, քան պարզապես բաց տեսարան նկարահանելը: Գուցե, այդ տեսարանները համարվեն բաց, բայց ես դրանք կկոչեի ոչ թե բաց, այլ իրական տեսարաններ: Այդպիսին է լինում սերը, այդպիսին է լինում ընտանիքը և յուրաքանչյուր սիրող զույգ այդպիսի հարաբերություն է ունենում։ Ֆիլմարտադրության մեջ դրանից փախչելը, կարծում եմ, այլևս գրագետ չէ:

18+ ֆիլմ

Հնարավորության սահմաններում նման տեսարանները պետք է մատուցվեն, որովհետև դրա մեջ կա իրականություն։ Եթե կարողանաս դա գեղեցիկ մատուցել գեղարվեստական լուծումներով, ավելի հաճելի  է քան դրանից խուսափելը»,- եզրափակեց Էվան:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...