Բացառիկ գտածո. ի՞նչ են հայտնաբերել իտալացի հնագետները Հայաստանի տարածքում

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում հայ-իտալական արշավախմբի ուսումնասիրության ժամանակ նռան հնագույն սերմեր են հայտնաբերվել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանը։

Մասնագետներն ուսումնասիրություններ և պեղումներ են անցկացրել Բջնիում, Հրազդանում, Քասախում և Մարմարիկ գետի հովտում, իսկ նռան սերմերը հայտնաբերվել են Ուրարտուի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձանի` Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցի տարածքում իրականացված աշխատանքների ժամանակ։

27х27 քառակուսի մետր տարածքով ուրարտական շինության պատերի հաստությունը 1 մ է։ Ուրարտական սեպագիր արձանագրություններից հնագետներին հայտնի է, որ Արաքս գետն անցած ու Էրեբունի ամրոցը կառուցած առաջին արքան Արգիշտին էր, և Սոլակ ամրոցը հավանաբար նույնպես կառուցվել է նրա թագավորության օրոք, երբ ամբողջ տարածաշրջանն արդեն ուրարտական ազդեցության տակ էր։