«Բանտարկյալից՝ վարչապետ». Փաշինյանը հայտնվել է ամերիկյան շաբաթաթերթի շապիկին

Ամերիկյան The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թերթում «Բանտարկյալից՝ վարչապետ» վերնագրով հոդված է հրապարակվել Մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների, վարչապետի բանտարկության, նախորդ տարվա ապրիլյան հեղափոխության,Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելու մասին:

Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է, անհավանական կերպով նա կարողացել է միասնական դարձնել մի ամբողջ ժողովրդի գերակշիռ մասին: Ըստ հեղինակի, Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել երկիրը պաշտպանել միակուսակցական պետություն դառնալուց:

Անդրադարձ է արվում նաեւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, նշվում է, որ այդ ժամանակ մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչներ, որոնց թվում Նիկոլ Փաշինյանը հետապնդման ենթարկվեցին, ընդհատակում մնալուց հետո նա ստիպված եղավ 2 տարի անցկացնել բանտում:

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին անդրադառնալիս էլ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը, սկսելով քայլերթ Գյումրիից, հասել է մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց եւ նրանց աջակցությամբ երկրում հասել իշխանափոխության:

Աղբյուր՝ armtimes.com