Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի

Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի

Forrights.am-ը գրում է․ Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի:

Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ:

Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», — պատմեց մեզ կինը:

Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:

44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:

Ասում է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:

Իզաուրան դիմել է պետական տարբեր  մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:

«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է ձորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի», — իր հուսահատ քայլը բացատրում է Իզաուրան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում