Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են ոչխարներն ու գառները

Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են ոչխարներն ու գառները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանը առավոտյան ժամը 07:00-ից  07:30-ն ընկած ժամանակահատվածում տեսել է, որ իրեն և իր եղբորը պատկանող ոչխարներից ու գառներից 15-ը վնասված են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կ. Ասատրյանն ասում էր.

«Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են: Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անետ կորած են:

Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել: Գառների մեջ կան մայրացուներ, մի մասը իմն էր, մի մասը եղբորինս:

Վարկով վերցրել, պահում էինք: Մեր ընտանիքներն էլ սրա հույսին են: Աշխատանք չունենք, վարկի տակ ճռում ենք:

Դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով տեղակալը եկել, նայել ա, ու ասեց՝ հանձնաժողով կստեղծենք, մի բան կանենք:

Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից էլ են եկել, արձանագրել են, անասնաբույժն էլ վիրավորներին տեսավ, ասեց, որ դրանք չեն ապրի: Մոտ 700  հազար դրամի վնաս ենք կրել: Գոնե Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը մի քիչ օգնեն»:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ասատրյանը ասում էր նաև, որ տարիներ առաջ իր հարևանի ոչխարներին ու գառներին է գայլերի ոհմակը վնասել: