Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար

Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։

ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է ԶՈՒ և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով էլ՝ Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:

Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Օնիկ Գասպարյան

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 24-ին, Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով պաշտոնից ազատել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Գեներալ–լեյտենանտի պաշտոնանկությունը առիթ դարձավ, որպեսզի առավոտյան ՀՀ ԶՈՒ հանդես գան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բանակի ղեկավարության անսպասելի հայտարարությունից հետո վարչապետն ուղիղ եթերով ասաց, որ այսօր՝ փետրվարի 25–ին որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Ավելի ուշ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ նախագահը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։

«Այսօր ես Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը»,– հայտարարել է վարչապետը՝ հավելելով.

«Կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքը ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին։ Նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տալու»։ Այսպիսով գնդակը Հանրապետության նախագահի դաշտում է։