Արմեն Խաչատրյան. Չէ, բացարձակ չեմ կարծում, որ պետք է հետ կանչվեմ

Ինչպես ներկայացնում է Armtimes.com-ը. Երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Այդ երկրի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել
բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Armtimes.com-ը ներկայացնում է թեմայի շուրջ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցը:

– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի՝ հայտնի բլոգերին Բաքվին արտահանձնելու քայլը:

– Դե իհարկե, ես գտնում եմ, որ այդ քայլը չպետք է արվեր: Լապշինին պետք է հանձնեին այն երկրին, որի քաղաքացին է ինքը: Երկրորդ՝ նրա գործողություններում ես քրեական տարր չեմ տեսնում, Արցախ այցելելու նրա արարքի մեջ քրեածին ոչինչ չկա: Այստեղ, իհարկե, ժողովրդավարության գաղափարների եւ մարդու իրավունքների որոշակի ոտնահարման մասնիկ եմ տեսնում: Միաժամանակ, սա արդեն 2-րդ խոշոր հարցն է, թե ինչպես են վերաբերում մարդուն եւ նրա արժեքներին: Հիշում եք այն դեպքը, երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեր սպային գիշերը կացնահարեց: Այդ մարդասպանը գնահատական ստացավ որպես հերոս, նրան բնակարան եւ պարգեւներ տվեցին: Դրանով ընդամենը ցույց են տալիս այդ երկրի ժողովրդավարության աստիճանը, գնահատման կամ արժեքների չափանիշները:

– Պարոն Խաչատրյան, դուք ինքներդ բերեցիք Հունգարիայի օրինակը: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ինչպես Հունգարիայի, այս դեպքում եւս Հայաստանը Բելառուսի հետ պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները:

– Չէ՛, նման բան չի կարելի անել: Նախեւառաջ՝ Լապշինը մեր քաղաքացին չէ: Սա մեկ: Երկրորդը, Դուք հիշում եք Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իսրայելի վարչապետի պաշտպանական խոսքերն ու դիմումները, որպեսզի ռուս բլոգերին Բաքվին չարտահանձնեն: Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու մենք քայլեր չենք անում, բայց ասեմ, որ քայլեր ձեռնարկել ենք: Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, դիմել եմ այդ խնդրով՝ չնայած, կրկնում եմ, Լապշինը մեր քաղաքացին չէ: Այդուհանդերձ՝ մենք այդ քայլն արել ենք: Պարզապես, անտեսել են:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին, իհարկե մենք հաշվի կառնենք այդ հարաբերությունների մեջ համապատասխան վերաբերմունքը, բայց երբեք չի կարելի խզել մեր հարաբերությունները: Մենք պետք է կարողանանք պահել եւ պահպանել այդ հարաբերությունները: Մենք մի շարք կազմակերպություններում՝ ԱՊՀ-ից մինչեւ ՀԱՊԿ, միասին ենք եւ պիտի լինենք միասին: Նման դեպքերում ուղղակի պիտի կարողանանք դիվանագիտական ճանապարհով կամ փոխադարձ բացատրություններով կամ փոխըմբռնման ճանապարհով մեխանիզմներ մշակել:

– Պարոն դեսպան, որոշ շրջանակներ պնդում են, որ այս միջադեպից հետո ձեր դիվանագիտական գործունեությունը պետք է դադարեցվի, դուք պետք է հետ կանչվեք ՀՀ արտգործնախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չէ, բացարձակ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է:

– Պարոն դեսպան, այս պատմության մեջ խառն է միանգամից մի քանի կողմ՝ Բելառուս, Ռուսաստան, Իսրայել եւ Ադրբեջան: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում վերջիններիս փոխադարձ հարաբերություններում: Բեկումնայի ինչ-որ բան կարո՞ղ է պատահել:

– Բեկումնային չէ, բայց սա եւս մի կաթիլ ավելացնում է հակասությունների շրջանակը: Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, դոնոր երկրների միջեւ հարաբերությունների սրացման կամ վատթարացման համատեքստում, ինչպես տեսնում ենք այժմ: Թող որ տա Աստված, երկրները կարողանան դիվանագիտական ճանապարհներով կամ իրենց քայլերով կամ ղեկավարների լուծումներով լավագույնս հարթել հարաբերությունները, որպեսզի շահեն ժողովուրդները:

Նյութի սկզբնաղբյուր` Armtimes.com