Արամ Հարությունյանը կձերբակալվի՞. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի:

Ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր: Նոյեմբերի 21-ին էլ ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի և Հարությունյանի միջև, և գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները:

Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, և Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: