Արագածոտնի մարզի 21-ամյա բնակիչը 14-ամյա աղջկան առևանգել և սեռական հարաբերություն է ունեցել

Կիսվիր ընկերներիդ հետ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արմավիրի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:15-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչը, ամուսնության նպատակով, առևանգել է իր դստերը՝ ծնված 2004 թվականին, և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) , որը 2018թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի վարույթ:

Քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ և կատարվել նախաքննություն: Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ` 21 տարեկան:

2018թ. նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող: 14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ), 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Որոշում է կայացվել քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա վարչական շրջանի քննչական բաժին ուղարկելու մասին՝ հետագա քննությունը կատարելու համար:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...