Ավետիսյանների դաժան սպանությունից 4 տարի անց, տան դռները կրկին բացվել են․ ինչ է կատարվում ներսում (Լուսանկարներ)


2015 թվականի հունվարի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկված գյումրեցի Ավետիսյանների տան դուռը հիմնականում փակ է: Ժամանակ առ ժամանկ այն բացում են ընտանիքի դուստրերը: Լուսինեն ասում է կարոտը խեղդում է, չի դիմանում ոչ ցավին, ոչ անորոշությանը:

Գալիս, հայրական տան դուռը բացում, շրջում է սենյակներում, որոնում նրանց, ովքեր անմեղ-անմեղ սպանվեցին: Մեկ առ մեկ հիշում է մանկության, հետո երիտասարդության օրերը, որոնք անցկացրել է ծնողների, եղբոր ու քրոջ հետ: Հիշողությունների ալիքը գալիս, բախվում է 2015-ի հունվարի 12-ին եւ քարանում:

Այդ օրվանից սկսած Լուսիների կյանքը 52 մասի բաժանվեց՝ մինչեւ 2015թվականն ու հետո: Իսկ հետոն կսկիծով, ցավով, վիրավորանքով, անճարակությունից ուժասպառ եղած մտորումներով է լցված: Ընտանիքի սպանդից, նաեւ Վալերի Պերմյակովի դատապարտումից հետո Ավետիսյանների իրավահաջորդները պնդում են, որ ոչինչ բացահայտված չէ: 

«Այդ դատավարությունը խամաճիկների թատրոն էր, ի՞նչ դատավարության մասին է խոսքը, դատավարություն տեղի չի ունեցել: Մենք առաջին պահից չենք հավատացել էդ ամեն ինչին, ուղղակի չգիտեմ ինչու, անընդհատ մասնակցում էինք դատերին, մտածելով, հույս ունենալով, որ իսկապես կբացահայտվի այս ոճիրը: Մենք բողոքարկել ենք դատարանի վճիռը, հիմա գործը Եվրոդատարանում է, եթե էս անգամ էլ չբացահայտվի, ես անձամբ կհասնեմ Եվրոպա, իմ ձեռքով այս գործն ավարտին հասցնելու համար»,-ասում է Լուսինեն:

Այսօր Լուսինեն հայրական տուն մենակ չէր եկել, բացի ամուսնուց նրա հետ էր Ավետիսյաններից իր մեջ մի մասնիկ  պարունակող փոքրիկ Հասմիկը: Երեխան արդեն մեկ տարեկան է եւ ի հիշատակ տատիկի կրում է Լուսինեի մոր՝ Հասմիկի անունը, որն ի դեպ տրված էր նաեւ սպանված զարմուհուն:

Ավետիսյանների տանն ամեն բան նույնն է, 4 տարի առաջ ինչպես տունը տոնական զարդարված էր, մնացել է նույնությամբ: Նույն ափսեները, մանկական սայլակն ու իրերը:

Ի դեպ, Ավետիսյաններին պատկանած բնակարանը սկսել է քայքայվել: Հաջորդ տարի, հավանաբար, այլեւս հնարավոր չի լինի ներս մտնել, քանի որ հատակի քիչ հատված է մնացել առանց փլուզվելու:

Աղջիկները տունը նորոգելու հնարավորություն չունեն: Գյումրու քաղաքապետի  առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի խոսքերով, սակայն, իրենք այս հարցում անելիք չունեն: Բնակարանը սեփական է, իրենք էլ պետք է խնդիրը լուծել կարողանան:  

Աղբյուր՝ armtimes.com