Աչքերն ու բերանը փակել են և պահել հյուրատանը․ մանրամասներ Քոքոբելյանի հոր առևանգման գործով (Տեսանյութ)

Աչքերն ու բերանը փակել են և պահել հյուրատանը․ մանրամասներ Քոքոբելյանի հոր առևանգման գործով (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առեւանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջեւան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը եւ 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են:

Bavnews.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առեւանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել եւ «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն:

Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը եւ դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը եւ ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչեւ 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան եւ ընթացել դեպի Իջեւան քաղաք:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում եւ հեռացել դեպի Իջեւան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:

Տեսանյութը ստորև