«Անսովոր է, որ արդեն 30-ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է 32-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ տարեդարձի օրը սկսվել է կեսգիշերին ամուսնու շնորհավորանքով, սակայն այդքանով երեկոն սահմանափակվել է։

«Կեսգիշերին միայն ամուսինս է հասցրել շնորհավորել ինձ, հետո քնել եմ։ Քանի որ առավոտյան ուղիղ եթերի էի, բոլորին ասել էի, որ չեմ ցանկանում ուշ երեկոյան նշել ծնունդս»,– ասաց Լուսինեն, ապա հավելեց, որ արդեն այսօր առավոտյան օրը սկսել է աշխատավայրում` «Արմենիա TV»–ի ուղիղ եթերում։

Գործընկերները Լուսինեի համար տոնական տրամադրություն են ապահովել։ «Օրվա շատ հաճելի ու դրական սկիզբ եմ ունեցել»,– նկատեց նա։ Լուսինեի խոսքով` ներկայիս աշխատավայրում չի ֆիքսվում տարեդարձի օրն աշխատանքային կլինի՞, թե՞ ոչ, քանի որ մեծ հաճույքով է գնում աշխատանքի։

32-ամյակի առթիվ Լուսինեն խնջույք է կազմակերպել, որին հրավիրված են ընկերներն ու հարազատները։ Նա հայտնեց, որ ամեն տարի տոնում է տարեդարձը, քանի որ սիրում է այս օրը։ «Միշտ սիրել եմ նշել ծնունդս։ Նախապես պատրաստվում եմ, որովհետև սպասում եմ ծննդյանս տարեդարձին։ Եթե նույնիսկ խնջույք չանեմ, գիտեմ, որ, միևնույն է, բոլորը հավաքվելու են։ Քանի որ ունեմ ընկերներ, որոնց հետ շատ եմ սիրում ժամանակ անցկացնել նաև առօրյայում, տարեդարձս ևս մի առիթ է մի լավ ուրախանալու համար»,– ասաց Լուսինեն։

Մոդելն արդեն 4–րդ տարին է` տարեդարձը նշում է մայրիկի կարգավիճակում։ Արիանան արդեն գիտակցում է, որ մայրիկի տարեդարձն է ու նույնիսկ միջամտել է խնջույքի նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես, որոշել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա մայրիկի տարեդարձի տորթը։

«Շատ է ուրախանում, որ տորթն իր ուզած տեսքն է ունենալու, ինքն էլ փչելու է մոմերը,– ասաց Լուսինեն, ում համար առանձնակի երջանկություն է, որ իր տարեդարձը նշում է մայրիկի կարգավիճակում։ –Մեծ հաճույք եմ ստանում յուրաքանչյուր պահից ու վայրկյանից»։

Տարեթվերից, մասնավորապես, 32–ից Լուսինեն չի վախենում։ «Չեմ զգում, որ ամեն տարի թվերն ավելանում են։ Վախ չունեմ, չեմ ֆիքսվում տարիքի վրա, ուղղակի անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ»,– ասաց հաղորդավարուհին, ում ապրած տարիները սովորեցրել են, որ ապրելու լավագույն կանոնն ամեն օրվանից հաճույք ստանալն ու առօրյա հոգսերի վրա չֆիքսվելն է։ Մոդելը նկատեց, որ ավելի շատ Ամանորին է երազանքներ մտապահում, քան տարեդարձի օրը, սակայն ծննդյան օրն էլ միշտ ուրախ է լինում։

Գեղեցկուհի տիտղոսակիրը կյանքում բազմաթիվ հաջողություններ է ունեցել, սակայն ամենակարևոր ձեռքբերումը համարում է ընտանիքը, ապագայի հետ կապված նպատակներն ու երազանքներն էլ կապված են իր ընտանիքի հետ. «Հիմա բոլոր ցանկություններս կապված են իմ հայրական ու իմ ստեղծած ընտանիքների հետ։ Ուզում եմ բոլորն իմ կողքին լինեն։ Քանի բոլորը լավ են և կողքիս, ես երջանիկ եմ»։ Սիրելի ընտանիքը ևս մի անդամով համալրելու մասին Լուսինեն դեռ չի մտածել։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...