Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Մարտիրոս Սարյանը իր յուրօրինակ կտավներով նոր արահետ բացեց հայ գեղանկարչության պատմության մեջ:

Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։

Սարյանը խոշոր ներդրում է կատարել 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։

Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։

Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։

Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք:

Սարյանը 1901 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլ քաղաքներում։

ԽՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով։

հայ մեծանուն նկարիչ

Մեջբերումներ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանից

«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»:

«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…»:

«Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ»:

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։

Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել»։

«Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»։

«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։

Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»։

«Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am