Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Այսօր հայ երգահան, երգիչ, վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրն է: Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Նա շրջեց Հայաստանի շատ վայրերում՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարեց երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվեց նաեւ գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրելով հայ ժողովրդական եւ հոգեւոր մեղեդիները, աշխատելով հայկական խազերի վերծանման վրա: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող եւ պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսեց խորհել նաեւ երաժշտական խոշոր, մոնումենտալ ձեւերի մասին: Մտադրվում էր ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում էր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:

1910 թ-ին Կոմիտասը թողեց Էջմիածինը ու մեկնեց Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաեւ Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես եղավ հայ ժողովրդի բնաջնջմանը։ Ու թեեւ ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է  վատթարացավ եւ նրան տեղափոխեցին հոգեբուժարան։

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։