Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի մահվան 5-րդ տարելիցը

Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի մահվան 5-րդ տարելիցը

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:

Սպանվեցին տան մեջ գտնվող ընտանիքի 7 անդամները։ Ոճրագործության մեջ կասկածվում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Սպանվել են.

Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),

Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),

Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),

Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),

Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),

Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Սերյոժա Արմենի Ավետիսյան (վեց ամսական)

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։

Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։

Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց:

Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով):

2017 թվականի մայիսի 18-ին Վալերի Պերմյակովին արտահանձնեցին Ռուսաստան: