Այսուհետ փոքր գույքային վնասներով ավտովթարների պատահարը կձևակերպվի ավելի արագ

Այսուհետ փոքր գույքային վնասներով ավտովթարների պատահարը կձևակերպվի ավելի արագ։ Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հնարավորություն կտրվի ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը լրացնել նաև էլեկտրոնային եղանակով:

ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակում իրականացվող այս փոփոխության արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների պատահարը կձևակերպվի ավելի արագ և կնպաստի վթարի հետևանքով ճանապարհի երթևեկության արագ վերականգնմանը:

Հիմնավորման համաձայն՝ մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել նաև ASWA համակարգի հատուցումների ամբողջական գործընթացի էլեկտրոնային կառավարումն ապահովող հարթակը, որից հետո կգործարկվի նաև պարզ վթարների գրանցման բջջային հավելվածը։