Մամուլ

Այն, ինչ ներվել է Սամվել Ալեքսանյանին, չի ներվում Մեսրոպ քահանա․ «Հրապարակ»

Այն, ինչ ներվել է Սամվել Ալեքսանյանին, չի ներվում Մեսրոպ քահանա

Hraparak.am-ը գրում է․ 2001 թվականին հիմնադրված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մյուս սուպերմարկետների համեմատ ավելի էժան գներ են, սակայն ընկերության գլխին վերջերս քարեր թափվեցին։ Սեփականատեր Արամ Արամյանը՝ քահանա Մեսրոպ Արամյանի եղբայրը, ցանցի տնօրենը, գլխավոր հաշվապահը, ծրագրային ապահովմամբ զբաղվող ՍՊԸ-ի տերը՝ բոլորը կալանավորված են։

Ցանցի 29 խանութներում իրավապահները խուզարկություններ են արել, կրիչներ, հեռախոսներ, այլ տեխնիկա առգրավել, ինչը ցանցի ղեկավարությունը համարում է ապօրինի՝ տնտեսվարողին վնաս հասցնելու նպատակով։

Քննչական կոմիտեն տվյալներ ունի, որ ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը եւ մոտ 4 մլրդ դրամի հարկ չի վճարել, ինչ-որ թաքնված սերվերով են իրականացրել իրական շրջանառությունը եւ այն տարբերվում է պաշտոնապես ներկայացվածից։ 

Նկատենք, որ կալանքները բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա են իրականացվել, որեւէ ապացույց իրավապահները չունեն՝ մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

«Աշխարհում շատ քիչ դեպք կա, որ տնտեսվարողին կալանավորեն չճշտված, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Այն դեպքում, երբ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ կրկնահանցագործ են։ Սա անմարդկային վերաբերմունք է այն մարդկանց հանդեպ, ովքեր աշխատատեղ են ստեղծում, ովքեր բարձր բարոյական արժեքներ կրող անձինք են։

Արամ Արամյանը չունի բացասական անցյալ, այնքան համեստ անձնավորություն է, որ այսքան ժամանակ ոչ ոք չգիտեր, թե «Նոր Զովքի» սեփականատերն ով է»,- ասում է Խաչատրյանը։ 4 մլրդ դրամի վնասը, որն իբրեւ թե հասցվել է պետությանը, նա համարում է մտացածին թիվ։ «Դրանք ենթադրություններ են։

Կարող էին նույն հաջողությամբ 40 մլրդ  հաշվել»։ Ձեր կարծիքով, ուզում են ձեր ձեռքից խլե՞լ բիզնեսը՝ հարցրինք փոխտնօրենին։ «Ոչ ոք էլ չի կարող խլել մեր բիզնեսը։

Մենք աշխատում ենք մեր սիրելի երկրում, մեր սիրելի քաղաքում ու նման վատ կարծիք չունենք, որ կարող են մեր բիզնեսը խլել։ Մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, եւ դժվար նման բան լինի»,- պատասխանում է Խաչատրյանը։

Հարց ուղղեցինք նաեւ, թե ինչքան են գնահատում «Նոր Զովք» ցանցը, որքան է բուն արժեքը՝ 4 մլրդ-ից բա՞րձր է, թե՞ ցածր։ ««Նոր Զովքում» այնքան արժեքներ, հոգի ու գաղափար է դրված, այնքան ջանք, էներգիա, միտք, երկար տարիների վաստակ, որ թվով պատասխանել չեմ կարող»։ Սակայն մեր աղբյուրն ասում է, որ 4 միլիարդից քիչ ավելի է ցանցի արժեքը։

Այս պատմությունը հիշեցնում է հետհեղափոխական առաջին «օպերատիվ-հետախուզական» սկանդալներից մեկը, երբ «Ալեքս հոլդինգում» հարկերից խուսափելու երկար տարիներ կիրառված սխեմա բացահայտվեց։

Գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթին» իրականացրել էր մի քանի հարյուր ԱՁ-ներով, որոնք բացել էր հայտնի օլիգարխը, եւ որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ էր։

Արդյունքում 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն ընկերությունը վճարում էր ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: ԱԱԾ-ն մեծ աղմուկ բարձրացրեց այս գործի շուրջ։

«Սիթիների» ղեկավար կազմի ներկայացուցիչներին կանչեցին հարցաքննությունների, խուզարկություններ եղան։ Ու թեեւ գտնվեցին տնտեսագետներ, որոնք հայտարարում էին, որ անօրինականություն չի արել «Սիթին»՝ այդ մեխանիզմը գործել է նաեւ այլ ցանցային  սուպերմարկետներում, եւ դրա մասին բոլորն իմացել են, այնուամենայնիվ, գործը քննեցին, որոշեցին, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պետությանը հասցրել է մոտ 7 մլրդ դրամի վնաս։

«Ալեքս հոլդինգից», սակայն, ոչ մեկին չկալանավորեցին։ 2019-ին Սամվել Ալեքսանյանն առատ նվիրաբերություններ կատարեց Աննա Հակոբյանի հիմնադրամին, «Սիթիները» 2019 թվականի ընթացքում հիմնադրամին փոխանցեցին 34,5 մլն դրամ, «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 33,6 մլն դրամ, հավանաբար այլ՝ չհրապարակված նվիրաբերումներ էլ արվեցին, եւ մարսվեց, մոռացվեց հայտնաբերվածը՝ անգամ դատախազություն չուղարկեցին։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է․ «6-7 մլրդ դրամն արագ փոխհատուցեցին ներքին կարգով, թեման սուսուփուս փակեցին՝ գնաց։ Բայց,  ըստ էության, նույն պրոցեսն էր՝ հարկերի չվճարման։

Կատարել են վերահաշվարկ։ Ենթադրենք՝ 20 հսկիչ գնում են արել, ասենք՝ 1000 դրամ ծախսի համար տրվել է 300 դրամի կտրոն։ Դրա հիման վրա որոշել են, որ տնտեսվարողը 30 տոկոսն է ցույց տվել իր շրջանառության։

Հարկայինը կարող է այսպիսի կամերալ հաշվարկներ անել, բայց դրա հիման վրա կալանավորելն աբսուրդ է»։

Տարբերությունն այս երկու գործերի միջեւ տնտեսվարողի վերաբերմունքն է իշխանության հանդեպ, այն, որ «Նոր Զովքի» տերը համաձայն չէ մեղադրանքի հետ, հակված չէ «լուռ» փոխհատուցումների եւ հատկապես տիկնոջ հիմնադրամին ոչինչ չի փոխանցել։ Եվ հզոր մրցակից ունի՝ հանձին Ալեքսանյանի։ Ուրեմն պետք է կալանավորվի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք էջում