ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հովհաննես Բաբախանյանի դստեր պսակադրությունը. Ինչ տեսքով է նա ներկայացել. Ֆոտո

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հովհաննես Բաբախանյանի դստեր պսակադրությունը. Ինչ տեսքով է նա ներկայացել։

Օրերս Կալիֆորնիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում տեղի ունեցավ վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխված ՀՀ Վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի ու դերասանուհի Մարի Մսրյանի ավագ դստեր՝ Լիայի պսակադրությունը: Դերասանների դստեր փեսացուն ևս ԱՄՆ-ում բնակվող Սարո Ստեփանյանն է:

Aysor.am-ի հետ հետ զրույցում Հովհաննես Բաբախանյանը մանրամասնեց՝ օտարության մեջ էլ իրենց զավակների հարսանյաց հանդեսը կայացել է հայկական ավանդույթներով, ամենագեղեցիկ անակնկալն էլ դստեր մուտքն էր՝ հարսանյաց զգեստով ու հայկական ավանդական հարսի պարով: Ի դեպ, երիտասարդ ամուսիններն արդեն հասցրել են միասին դպրոց հիմնել:

«Մեր ընտանիքն արդեն շուրջ 10 տարի է՝ այստեղ է՝ ես, կինս ու երեք զավակներս: Լիան ամուսնացավ, հիմա մեր կողքին են կրտսեր դուստրս՝ Էլլան, ու որդիս՝ Գոռը: Դստերս պսակադրությանը Հայաստանից միայն քույրս՝ Ալլան, կարողացավ ներկա գտնվել: Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, քանի որ և՛ աղջիկս, և՛ փեսաս կրթության ոլորտից են, հիմնեցին «S and L Academy» դպրոցը: Իրենց անվան սկզբնատառերով է՝ «Saro and Lia»», – նշեց ՀՀ Վաստակավոր արտիստը:

Հովհաննես Բաբախանյան

Միացյալ Նահանգներում իր ունեցած մասնագիտական զբաղվածությունից դերասանը չի դժգոհում: Ասում է՝ զբավածությունն իրեն պահում է արդեն ապրելակերպ դարձած հաճելի լարման մեջ։ Ի դեպ, Հովհաննես Բաբախանյանն ԱՄՆ տեղափոխված այն քիչ արվեստագետներից է, որ հնարավորություն ունի նկարահանվել հոլիվուդյան աստղերի հետ:

«Կինո, նոր մենաներկայացում, համերգներ` այս ամենն իմ անբաժան առօրյայի մի մասն են կազմում: Հունիսի 10-ին կայացավ «Fake news» հոլիվռւդյան արտադրության ֆիլմի պրեմիերան, որտեղ ես նկարահանվել եմ Էրիկ Ռոբերթսի, Մարտին Քովի, Սոֆիա Միլոսի հետ: Մեկ տարի առաջ էլ Հայաստանում նկարահանվեցի Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում: Այժմ Հայաստանից ունեմ երկու ֆիլմերում նկարահանվելու առաջարկ: Եթե ԱՄՆ-ում իմ մասնագիտությամբ չաշխատեի, դժվար կլիներ», – նկատեց մեր զրուցակիցը:

Գործնական ասպարեզում դերասանի ամենամեծ նպատակն այս պահին «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմն ավարտին հասցնելն է: Հովհաննես Բաբախանյանն այդ ֆիլմի ոչ միայն պրոդյուսերն է, այլև՝ Սայաթ-Նովայի դերակատարը:

Աղբյուր՝ aysor.am