«Ամեն ինչի նորը, ընկերության՝ հինը». Հակոբի և Արմենի եղբայրություն դարձած ընկերությունը (ֆոտո)

«Ամեն ինչի նորը, ընկերության՝ հինը»։ BRAVO.am-ը բացահայտում է, թե ինչպես են Հակոբն ու Արմենն ծանոթացել ու ինչ փուլերով է անցել նրանց մտերմությունը, որոնց բոլորն արդեն որպես եղբայրներ են ընկալում: Պատահական չէ, որ լուսանկարահանումը Մարզահամերգային համալիրի տարածքում արվեց: Երիտասարդ երգիչների երազանքը հենց այստեղ տարիներ հետո մենահամերգ ունենալն է: Նույնիսկ արդեն որոշել են, թե մուտքն ինչպիսին է լինելու:

«Ախպերս ու եսը»` ճակատագրական

Հակոբ. Վաղուց էինք ծանոթ, բայց մեր մտերմությունը սկսվել է «Հայաստանի ձայնը» նախագծից, որտեղ ես հաղորդավար էի, Արմենը` մասնակից: Բայց այնպես չէ, որ այդ ժամանակ ամբողջ օրը միասին ենք անցկացրել: Նախագծից հետո Արմենի հետ կապը շարունակվում էր. ես ակումբում հաղորդավար էի, Արմենն էլ երգում էր: Քառօրյա պատերազմի օրերին ես` որպես երաժշտական մասով խմբի ղեկավար, առաջարկեցի երգել միայն հայրենասիրական երգեր: Արմենն էլ առաջարկեց այդ շրջանում երգել «Ախպերս ու ես» երգը: 

Արմեն. Գործիքավորեցինք երգը, պահի թելադրանքով աշխատանքից տուն գնալիս առաջարկեցի մեքենայի մեջ երգել ու հեռախոսով նկարահանել: Հակոբը հետո դեմ էր, որ այդ տեսաձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրեմ: Ասում էր` այդքան էլ լավ չի ստացվել, կարող է ճիշտ չհասկանան: Բայց որոշեցինք տեղադրել իմ էջում՝ չմտածելով, որ այդքան կտարածվի: Արձագանքները շատ դրական էին ու ոգեւորող, բոլորը գրում էին, որ երկու եղբայր են երգում: Հենց այդ երգից հետո մարդիկ սկսեցին մեզ որպես եղբայրներ ընկալել:

Հակոբ և Արմեն

Համոզելով:)

Հակոբ. Դրանից հետո եւս մի քանի երգ երգեցինք մեքենայի մեջ, մինչեւ մեզ համար գրվեց «Ախպերներով» երգը: Ես դեմ էի, որ այդ երգը երգենք, որովհետեւ ուզում էի միայն հայրենասիրական երգեր կատարել: Արմենն ասաց, որ տեսահոլովակ չենք նկարահանի, համացանցում չի լինի երգը, համաձայնեցի: Հետո որտեղ երգում էինք, մարդիկ մոտենում էին ու հարցնում, թե ինչպես կարող են լսել երգը: Որոշեցինք նույն կերպ` մեքենայի մեջ հեռախոսով նկարահանել տեսահոլովակը: Բայց ընկերս համոզեց, որ հոլովակ նկարահանենք: Դա մեր անցումն էր սոցիալական ցանցերից դեպի յութուբյան տարածք: 

Արմեն. Մեր մտերմությունն ավելի ամրապնդվեց աշխատանքային մտերմությամբ: Գործնականը հիմա այնքան շատ է, որ այլ բաներով քիչ ենք զբաղվում. կամ միասին ինչ-որ հավաքույթներ ենք կազմակերպում, կամ լողավազան ենք գնում, նաեւ սպորտով ենք զբաղվում:

Զվարճալի դեպքերն՝ անպակաս

Հակոբ. Միացյալ Նահանգներ պետք է մեկնեինք: Արմենը գալիս է մեր տուն, միշտ մեր տնից միասին ենք գնում: Տնից հենց դուրս եկա, մուտքի լամպը պայթեց, փշուր-փշուր եղավ: Բոլորս էլ մտածեցինք՝ վատ նշան է: Մտքումս ասացի, որ եթե ինչ-որ բան կա, Աստված թող էլի նշան ուղարկի: Օդանավակայանում անհանգիստ էինք, խոսում էինք, որ վատ նշան էր, ու հենց այդ պահին մեկը փռշտաց:

Արմեն. Դե, մեր հայկական սովորության համաձայն՝ մտածեցինք` էդքան էլ ճիշտ (ծիծաղում են,-հեղ.): Հիմա էլ Հակոբն էր ասում, որ սա ընդամենը զուգադիպություն է: Հետո մեզ լրիվ այլ տեղ նստեցրին: Դե, գուշակեք, թե որտեղ՝ փրկարարական դռան հատվածում: Բորտուղեկցորդուհին էլ մոտեցավ ու սկսեց բացատրել, որ մեր օգնությունը կարող է պետք գալ, ու տվեց բուկլետներ: Ամենածիծաղելին այն էր, որ Հակոբը սկսեց ուսումնասիրել այդ բուկլետները:

Հակոբ և Արմեն

Հակոբ. Հասանք Մոսկվա, ու եկավ այն պահը, երբ պիտի նստենք երկրորդ ինքնաթիռը: Ասացին՝ վթար է տեղի ունեցել, թռիչքը հետաձգվում է: Եղան փաստորեն այն նշանները, որոնց մասին մտածում էի: Արդեն ուրիշ տոմսեր էի փնտրում: Նույնիսկ տնեցիների հետ խոսեցինք: Հետո դեպի ինքնաթիռ տեղափոխող ավտոբուսը երկու անգամ ավելի երկար գնաց: Արմենը կատակում էր, որ քիչ է մնում Աստված իջնի, ասի՝ մի գնացեք, չէ՞ որ այսքան նշաններ է ուղարկում: Ամեն դեպում լավ հասանք տեղ: Բայց մինչեւ հասանք…

Արմեն. Ախր, այդքանով չսահմանափակվեց այդ ուղեւորությունը: Մինչեւ ԱՄՆ հասնելը երկրորդ ինքնաթիռի մեջ Հակոբի դիմաց մի մուսուլման կին էր նստած: Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չէր ասել, քարացած նստած էր: Հակոբը տեղից վեր կացավ, որ վերցնի ճամպրուկն, ու պատահմամբ այն ընկավ այդ կնոջ գլխին: Նրա արձագանքը շատ ծիծաղելի էր, անընդհատ «Ալլահ» էր ասում: Հակոբի հետ միշտ արկածներ կան:

Չի խանգարում

Արմեն. Ինստագրամի էջն ընդհանուր դարձրինք, որովհետեւ նման էջեր էին բացվել, որոնք մեզնից շատ հետեւորդներ ունեին: Այս մթնոլորտում մեր էջերը կորում էին: Որոշեցինք բացել մեր պաշտոնական ընդհանուր էջը, որ մեր լսարանն այդտեղ կենտրոնանա:

Հակոբ. Հաճախ է լինում, երբ մեզ նույնացնում են. ինձ Արմեն են ասում, Արմենին` Հակոբ: Բայց դա մեզ ընդհանրապես չի խանգարում: Եղել է նաեւ, որ մարդկանց հետ ծանոթանալիս ես որպես Արմեն ներկայանամ:): 

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։