«Ահազանգում եմ ԶԼՄ-ի նկատմամբ ճնշման և ազատ խոսքի սահմանափակման մասին». Անինա Հովհաննիսյան

«Ահազանգում եմ ԶԼՄ-ի նկատմամբ ճնշման և ազատ խոսքի սահմանափակման մասին». Անինա Հովհաննիսյան

Դիմում եմ ՀՀ հպարտ քաղաքացիներին, միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին և բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ՀՀ-ն տեսնել՝ որպես ժողովրդավարական, իրավական պետություն, այլ ոչ թե ամբոխավարություն:

Վերջին շրջանում մամուլի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները, խոսքի ազատության սահմանափակման բացահայտ դրսևորումներն արդեն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները: Որպես օրինակ` հուլիսի 23-ին կիբերհարձակման ենթարկվեց Analitik.am կայքը։

Նման անհանդուրժող և հակաժողովրդավարական մթնոլորտի միակ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։

Բանը հասել է նրան, որ հենց կառավարության անդամների մերձավոր շրջապատն է սոցցանցերում տարածում ու քաջալերում անհանդուրժողության, թշնամանքի և ատելության վերաբերմունք այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք չեն սրբադասում իրենց:

Նոր կառավարության նման գործելաոճի արդյունքում ՀՀ-ն կորցնելու է նախկինում դաժան պայքարի արդյունքում ձեռք բերած փոքր հաղթանակները՝ ժողովրդավարության մասով:

Սա դատապարտելի է և անընդունելի, քանի որ հանուն իշխանության ԶԼՄ-ներին ճնշելու, ատելություն ու թշնամանք սերմանելու փորձերը ոչ միայն հակաօրինական և հակաժողովրդավարական են, այլ նաև կարող են ունենալ խիստ բացասական հետևանքներ երկարաժամկետ կտրվածքով։

Վերջին շրջանում այս մասին ահազանգեցին նաև մի շարք ԶԼՄ խմբագիրներ, առանձին օգտատերեր, գործիչներ, մարդիկ, ովքեր ունեն այլ կարծիք, որը տարբերվում է նոր կառավարության անդամների և իրենց մերձավոր շրջապատի պատկերացումներից:

Չափ ու սահմանն այնքան են անցել, որ արդեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն անձամբ է փորձում ԶԼՄ-ին վարկաբեկել, փոխվարչապետի մասին հրապարակված նյութից անմիջապես հետո Analitik.am-ը ենթարկվեց պատվիրված կիբերհարձակման, սպառնալիքներ, հայհոյանքներ և վիրավորանքներ են հնչեցվում կառավարության անդամների մտերիմների կողմից յուրաքանչյուր դեպքում, երբ քննադատական հոդված է հրապարակվում:

Սա անընդունելի և անհանդուրժելի գործելաոճ է:

Ժողովրդավարական արժեքների առաջընթացը ձեռք է բերվել նաև տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնության շնորհիվ, և որևէ մեկը՝ այդ թվում կառավարության անդամը, իրավունք չունի զրոյացնել այդ հաղթանակները՝ սեփական ցանկություններին համապատասխան մամուլ տեսնելու անառողջ գաղափարն իրագործելու համար:

Նոր կառավարության նման մոտեցումները պետք է արժանանան միջազգային հանրության՝ դեսպանությունների, միջազգային կառույցների, անհրաժեշտ չափով ուշադրությանն ու համապատասխան արձագանքին։

Հորդորում եմ կառավարության անդամներին զբաղվել իրենց բուն աշխատանքով, որի համար նրանք գումար են ստանում ՀՀ քաղաքացիների կողմից, և ծառայել ժողովրդին, այլ ոչ թե սոցցանցերում վարկաբեկող ջոկատներ բուծել, հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններ ու ստատուսներ գրող մարդկանց հավաքագրել։

Հորդորում եմ նաև բոլոր միջազգային կառույցներին, դեսպանություններին, որոնք ֆինանսավորում են տրամադրում ՀՀ կառավարությանը և ՀԿ-ներին, որոնց ղեկավար մասն այսօր ներգրավված է կառավարության աշխատանքներում, վերանայել իրենց մոտեցումները և չհովանավորել ժողովրդավարական արժեքները սպանող, խոսքի ազատության իրավունքը բացահայտ ոտնահարող և ՀՀ-ն՝ որպես իրավական պետություն ոչնչացնող մարդկանց ու կազմակերպություններին: Կոչ եմ անում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կառույցներին ուսումնասիրել խոսքի ազատության մասով ներկայումս ՀՀ-ում տիրող անառողջ և անօրինական մթնոլորտը, որը բացահայտ հովանավորվում է կառավարության և վերջինիս կից ՀԿ հատվածի կողմից և վերանայել իրենց գործընկերներին՝ աշխատելով ի նպաստ ժողովրդավարական արժեքների գործող մարդկանց ու կառույցների հետ:

Analitik.am լրատվա-վերլուծական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան