Ակումբի լվացարանում թքելու համար վիճել են. քննիչը ներկայացրեց Գավառի դեպքերի նախապատմությունը (Տեսանյութ)

Ակումբի լվացարանում թքելու համար վիճել են. քննիչը ներկայացրեց Գավառի դեպքերի նախապատմությունը

2020 թվականի ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում տեղի ունեցած արյունալի փոխհրաձգությունն ունեցել է նախապատմություն։ Այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը։

«2020 թվականի մարտ ամսվա կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբորորդու Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշոց է տեղի ունեցել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջեւ, որի հետեւանքով Արման Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ։

Դրանից հետո Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դրա վերաբերյալ առանձին քրգործ է քննվում։ Հայթյանի կողմնակիցներից մեկին հաջողվում է փայտե մահակով կոտրել Հովիկ Հակոբյանի աջ դռան  ապակին, սա եղել է նախապատմությունը՝ փոխհրաձգության դեպքից առաջ»,- պատմեց քննիչը։

Արմեն Միքայելյանը ներկայացրեց նաեւ, թե ինչպես է տեղի ունեցել ապրիլի 28-ի դեպքը։

Նա հայտնեց, որ Գավառում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ հարուցված քրգործով պարզվել է, որ 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի բնակիչ Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ վիճաբանել է Նորատուս գյուղի բնակիչ Հովիկ Հակոբյանի հետ, վերջինիս ծեծի է ենթարկել՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ. «Ռոբերտ Հակոբյանի որդուն ծեծի ենթարկողներից վրեժ լուծելու նպատակով Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Եղիազարյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Վահե Ավետիսյանը զինված, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած եւ կրած հրազեններով իրենց կողմնակիցների հետ. Հովիկ Հակոբյանը, Արսեն Զորաբյանը, Զոհրաբ Պարոնիկյանը, Սասուն Մելոյանը, Արտյոմ Պետրոսյանը, Անտոն Կյուրեղյանը, Արմեն Սարգսյանը, Ժորա Հարությունյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Մաթեւոսյանը, Գեւորգ Դադիկյանը, Ռազմիկ Հարությունյանը, Հովհաննես Մկրտչյանը եւ դեռեւս կան չպարզված անձինք ապրիլի 28-ին, ժամը 17։00-ի սահմաններում գնացել են Գավառ քաղաքի Ազատության 2 հասցեում գտնվող փողոց, որտեղ հանդիպել են Արմեն Հայթյանի եւ վերջինիս կողմնակիցների զինված դիմադրությանը»։

Քննիչ Միքայելյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Գավառի բկ-ում. «Տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով Արմեն Հայթյանը եւ Վարդան Դավոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բկ։ ԲԿ-ի տարածքում հավաքվել են Նորատուսի բնակիչներ, որոնք տեղեկանալով, որ իրենց հարազատներին սպանել եւ մարմնական վնասվածքներ են հասցրել Գավառի բնակիչներ Արմեն Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել։

Հիվանդանոցի դռները կոտրելով գտել են Հայթյանին, որտեղ Ռոման Ավետիսյանը կարողացել է վրեժխնդիր լինել եւ կարծելով, թե սպանել է Արմեն Հայթյանին, հեռացել է»։

Միքայելյանը մեկնաբանեց նաև դեպքից հրապարկված տեսանյութը. «Պարոնիկյանի ավտոմեքենայի կանգնելուց հետո նրա մեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաեւ Արմեն Հայթյանի ավտոմեքենան, եւ կրակահերթ է արձակվում. արդյունքում առաջինը հենց սպանվում է Պարոնիկյանը, ընկնում է գետնին, ապա՝ Վահե Ավետիսյանը»։

Լրագրողի հարցին՝ արդյոք պարզվե՞լ է, թե ում կրակոցի հետեւանքով են սպանվել  Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը, քննիչը պատասխանեց. «Քրգործով հիմնավորվել է, որ Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով են մահացել»։