Ազատազրկված անձինք կրթություն կստանան․ նոր փոփոխություններ

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:

Քրեակատարողական հիմնարկում կային 5 անչափահասներ՝ 8-րդ և 9-րդ դասարանի կրթությամբ: Արդյունքում անչափահաս դատապարտյալները զրկվել են կրթվելու հնարավորությունից։

Դիտորդները գտնում են, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունը ազատազրկման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ՝ կրթության իրավունքի ապահովման տեսակետից։ Կրթական կենտրոնի առկայությունը կարևոր է նաև կանանց համար, որոնք հաճախ հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ անհրաժեշտ կրթություն ու հմտություններ չունենալու պատճառով:  

2018թ. փետրվարի 23-ին պատասխան գրությամբ նախարարությունից հայտնել  են, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ընթանում են քննարկումներ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ այդ թվում նաև անչափահաս և կին դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման և արդյունավետ իրացման խնդրի լուծման նպատակով:

2018թ. դեկտեմբերի 13-ին նախարարությունից տեղեկացրել են, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախախարի 2018թ. մարտի 21-ի թիվ 205-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրամանով հաստատվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր):

Լիանա Մարտիրոսյան