ԱԱԾ-ն բացահայտել է մի քանի պաշտոնյաների խոշոր չափերով կաշառք ստանալու, լիազորությունները չարաշահելու դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել է մի քանի պաշտոնյաների խոշոր չափերով կաշառք ստանալու, այլ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու դեպքեր։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքերը: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի գործարքների համակարգող աշխատակիցը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող, նախկինում ինքնակամ կառուցված հյուրանոցին կից 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով տնտեսվարող սուբյեկտին օտարելու համար, գործարքի հետ կապված փաստաթղթերի փաթեթում ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, իսկ չափագրումներ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայողի կողմից կազմվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր։

Դրանց օգտագործմամբ Աբովյանի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ չկատարելով ծառայողական պարտականությունները՝ չեն պահպանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջները, որի հետևանքով Աբովյան համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ հիշյալ հողամասն օտարվել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ համայնքի բյուջեին հասցնելով մոտ 39.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Բացի դրանից, պարզվել է, որ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում նախկինում ինքնակամ կառուցված և նույն տնտեսվարող սուբյեկտի կողմից որպես սգո սրահ շահագործվող շինությունը վարձակալությամբ տրամադրելու եղանակով օրինականացնելու հարցը լուծելու նպատակով, նշված ոլորտը համակարգող հիշյալ աշխատակցի միջոցով, ձեռնարկատերից որպես կաշառք պահանջել և ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ 2019 թվականի փետրվարի 28-ին աշխատասենյակում ստացել են 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. մայիսի 8-ին համայնքի ավագանու կողմից կայացվել է համապատասխան որոշում:

Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նշված բնագավառում բոլոր կոռուպցիոն բնույթի հանցադեպերը բացահայտելու և դրանց առնչակից անձանց պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: