Մամուլ

Yerevan.Today կայքի խմբագրությունում խուզարկություններ են կատարվում

Սեպտեմբերի 17-ի առավոտվանից Yerevan.Today կայքի խմբագրությունում եւ նրա գլխավոր խմբագրի տանը Հայաստանի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում:

Ինչպես հայտնեցին կայքի խմբագրությունից, խուզարկությունները կատարվում են այն հիմքով, որ կայքն իբր Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի ձայնագրությունը հրապարակել է 2 օր ավելի վաղ, քան դա արել են մյուս լրատվամիջոցները: «Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը նշել է սեպտեմբերի  11-ը եւ կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ: Սակայն դա այդպես չէ, Yerevan.Today-ը զրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ եւ մնացյալ հայկական լրատվամիջոցները: Փաստորեն, ակնհայտ են որոնման համակարգի խնդիրները»,- շեշտել են խմբագրությունից՝ հավելելով, որ նույնպիսի վիճակ է «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում: Նրանց եւս որոնման համակարգն է «ծառայություն մատուցել»՝ նշելով ամբողջ 5 օր մինչեւ իրական հրապարակումը:

Դեռեւս սեպտեմբերի 12-ին Yerevan.Today-ի խմբագրությունը, նկատելով որոնման համակարգի խնդիրը, հանդես էր եկել հերքմամբ: «Համացանցում տեղեկություններ են տարածվել իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկարվարների զրույցի ձայնագրությունը, իբր նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Ինտերնետային փորձագետներն արդեն սա հերքել են՝ նշելով, որ Google-ի համակարգում խափանումներ են առաջացել: Հայտնում ենք, որ ձայնագրության մասին պատահաբար ենք տեղեկացել, սեպտեմբերի 11-ին՝ նույն ժամին, մոտ ժամը 14-ին, ինչ եւ մնացյալ գործընկերներն ու համացանցի օգտատերերը: Կայքում նյութը տեղադրվել է մոտ ժամը 15-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկությունն արդեն լայնորեն լուսաբանվում էր»,- նշված է խմբագրության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, ինչպես հայտնում է 168.am-ը, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը փորձել է հեռախոսով կապ հաստատել կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանի հետ: Սակայն ոստիկանության եւ ՀՔԾ ներկայացուցիչները խմբագրին արգելել են շփվել Սեյրանյանի հետ եւ որեւէ տեղեկություն հայտնել:

Հիշեցնենք, որ առաջինը թեման բարձրացրել է «Հայկական ժամանակ» թերթը՝ գրելով, որ Yerevan Today-ը եւ «Հրապարակ»-ը  մյուսներից առաջ են հրապարակել հայտնի ձայնագրությունը: «Հայկական ժամանակ» թերթը խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը:

Կիսվել նյութով