ԱշխարհՄամուլ

BBC-ն վավերագրական ֆիլմ է նկարահանում Հրանտ փղի մասին (տեսանյութ)

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի նկարահանող խումբը վայրի բնության մասին նոր բազմասերիանոց վավերագրական ֆիլմ է նկարահանում. դրա հերոսներից մեկը Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսի տեղափոխված Հրանտ փիղն է:

Ինչպես նշում է netgazeti.ge-ն, վավերագրական ֆիլմը (Big Animal Surgery) պատմում ու ցույց է տալիս՝ ինչպես են վիրահատում խոշոր կենդանիներին: Հայտնի է, որ BBC-ի թիմը Թբիլիսիի կենդանաբանական այգում նկարահանել է Հրանտի՝ երկրորդ կոտրված ժանիքի հեռացման ամբողջ գործընթացը:

Հայտնի է, որ վիրահատությունն անցկացրել են վրացի, ինչպես նաև արտասահմանից հրավիրված մասնագետները: Վիրահատությունը տևել է երեք ժամ:

Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանու առաջին ժանիքի հեռացման վիրահատությունն իրականացվել է Երևանից Թբիլիսի տեղափոխվելուց անմիջապես հետո: Հիշեցնենք, որ Հրանտը Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.: Փոխարենը վրացական կողմը Երևանի կենդանաբանական այգի էր ուղարկել ավելի երիտասարդ փղի՝ 6-ամյա Բունկային:

Կիսվել նյութով